Վայոց Ձորում հրդեհվող տարածքը հասել է 250 հեկտարի

  • Ներքին կյանք - 11 Օգոստոսի 2017, 14:44

Վայոց  ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում բռնկված խոշոր անտառային հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, աշխատանքների կառավարումն իրականացնում է ՀՀ ԱԻՆ Դավիթ Տոնոյանը: Դեպքի վայրում է գտնվում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ կեսօրի դրությամբ հրդեհվող խոտածածկ և անտառային տարածքը հասել է 250 հա-ի: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, Զինված ուժերի 165 զինծառայող, Ոստիկանության 73 աշխատակից:

Ժամը 10:25-ի դրությամբ այրվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետևանքով հոսանքազրվել է Արտավան գյուղը:

Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվում են մոտակա ջրամբարի պաշարները և կրակի դեմ պայքարին օժանդակում է մասնավոր «Լիդիան Արմենիա» ընկերությունը` տրամադրելով ծանր տեխնիկա (Կատերպիլեր B-9 և D-10 մակնիշի) և ջրատարներ, որոնք ջուր են մատակարարում հրշեջ մեքենաներին: ՀՀ ԱԻ նախարարության հետ համագործակցության շնորհիվ՝ ընկերության փրկարար ջոկատը, որը վերապատրաստվել է նախարարության կողմից, նույնպես պատրաստ է անհրաժեշտության դեպքում, ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքներում:

Ամենաընթերցվածը