Երևանը Գազելներից ու գծատերերից կազատվի 2018 թվականի վերջից

  • Ներքին կյանք - 11 Օգոստոսի 2017, 14:07
Երևանի տրանսպորտային նոր ցանցի գործարկումը նախատեսված է 2018 թվականի վերջից: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում հրավիրած ասուլիսում ասաց փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը: «Հույս ունենք, որ բարեփոխումների փաթեթը մինչև 2017 թվականի վերջ բերել այն տեսքին, որ կունենա բնակչության հավանությունը: 2018 թվականի սկզբից ակնկալում ենք միանգամից սկսել ֆինանսական աղբյուրների խնդրի կարգավորումը: Վերջնական բարեփոխումների իրագործումը նախատեսվում է 2018 թվականի վերջից»,- ասաց Նիկոյանը:

Տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող հասարակական տրանսպորտի պարկը կբեռնաթափվի 2.5 անգամ, կնվազեցվի սպասարկող տրանսպորտային միջոցների թիվը, կբացառվեն գծատերերն ու գազելները:

«Օպտիմալ ցանցի պարագայում ակնկալվում է Երևանում ունանալ էական ցածր քանակի տրանսպորտային միջոցներ, ինչն ամբողջովին կկոմպենսացնի բարեփոխումների արժեքը: Խնդիրը դրված է գազելների բացառման սկզբունքով նոր ցանց գծելուն: Գազելները բացառվելու են, ինչ վերաբերում է միկրոավտոբուս ունենալուն, ապա խնդիր է դրված դրանք ունենալ միայն այն փողոցներում, որտեղ կհիմնավորվի, որ տեխնիկապես ավտոբուս շահագործել հնարավոր չէ»,- հավելեց նա:

Փոխքաղաքապետի խոսքով՝ նոր երթուղային ցանցով քաղաքը սպասարկվելու է հիմնականում միջին ու մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով: Ավտոբուսների քանակը կհստակեցվի երթուղային ցանցը վերջնական նախագծելուց հետո՝ մոտ մեկ ամսից: Միջազգային խորհրդատու ընկերությունը, որը զբաղված է այս աշխատանքներով, առաջարկել է Երևանում արգելել 12 տարուց ավելի արտադրության ավտոբուսների շահագործումը, այնպես, ինչպես այսօր Լոնդոնում է:
Ինչ վերաբերում է տրոլեյբուսային ցանցին, ապա պաշտոնյան ասաց, որ այն համարվելու է նոր տրանսպորտային համակարգի հիմնական բաղադրիչը: Տրոյելբուսների թարմացումն ու արդիականացումը բարեփոխումների մաս է կազմելու, նաև տրոլեյբուսային մեկ նոր գիծ կբացվի:

«Այս պահին խորհրդատու կազմակերպության կողմից արդեն իսկ ներկայացման փուլում է երթուղային ցանցի հիմնական սխեման, երկու օրից նոր հնարավոր կլինի ամփոփել դրա հիման վրա կազմված չափորոշիչները: Մենք բազմիցս հնարավորություն ենք ունեցել ասել, որ մեր երթուղային ցանցն արդյունավետ չէ, դա հիմնավորվել է նաև խորհրդարտուի կողմից»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե բարեփոխումների շրջանակներում հնարավո՞ր է հասարական տրանսպորտի ուղեվարձը բարձրանա, Վահե Նիկոյանը  պատասխանեց, որ ամեն ինչ արվում է թանկացումը բացառելու համար:

«Ես հայտարարել եմ, որ հայտարարում եմ, որ քաղաքապետարանի հիմնական խնդիրներց է և ձեռնարկվում են բոլոր միջոցները, որպեսզի գինը չթանկանա: Մենք այս պահին գնի հաշվարկ խորհրդատուի կողմից չենք ստացել: Եվ բնական է, որ երթուղային ցանցի վերջնականացումից և չափորոշիչների սահմանումից հետո միայն հնարավոր կլինի հաշվել այդ ցանցի իրագործման ծախսերը և որպես հետևանք՝ նաև ուղևորափոխադրման գինը: Բայց այն, որ գնի չբարձրացումը դրվել է խորհդրատուի առաջադրանքի հիմքում, դա փաստ է»,- ասաց նա: 

Ամենաընթերցվածը