Գագիկ Սուրենյանը համոզեց ցիկլոնին. Մի քանի օր զովացեք

  • Ներքին կյանք - 11 Օգոստոսի 2017, 12:08
Առաջիկայում Հայաստանը կգտնվի սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը էապես կնվազի: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Այսօր Սև ծովի շրջաններից հանրապետության տարածք նկատվում է սառը օդի ներհոսք, ինչի պատճառով օդի ջերմաստիճանը հանրապետության ամենաշոգ վայրերում ցերեկը չի բարձրանա +36 աստիճանից, առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:

Օգոստոսի 12-14-ին այդ սառը հոսանքները կնահանջեն, և օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38…+39 աստիճանի, այդ օրերին Հայաստանի ողջ տարածքում տեղումներ չեն լինի:

Սուրենյանի տեղեկացմամբ՝ արդեն օգոստոսի 15-ի երեկոյան ժամերից սկսած Հայաստանը կգտնվի սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում: Օգոստոսի 15-ին երեկոյան հատկապես հյուսիսային շրջաններում, 16-ին կրկին երեկոյան բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Օգոստոսի 15-16-ին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով և արդեն ամենաշոգ վայրերում, մասնավորապես Արարատյան դաշտում և Երևանում ցերեկը հասնելով +32…+33 աստիճանի, որը կլինի կլիմայական նորմայի սահմաններում:

Օրերս Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ «Սև ծովի վրա սառը հոսանքներ են հայտնվել, մնում է համոզենք որ գան Հայաստան»։

Ամենաընթերցվածը