Էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել կրկնակի անգամ. Ո՞վ է «բստրել» ներկայիս գինը

    • Ներքին կյանք - 10 Օգոստոսի 2017, 20:12
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը չհիմնավորված բարձր է և գրեթե կրկնակի նվազելու տեղ ունի, և անհասկանալի է, թե ինչո՞ւ է այս պայմաններում կառավարությունը մտադիր մինչև 2036 թվականն անփոփոխ թողնել սակագինը: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի այսօրվա հայտարարությանը:

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում նախարարն ասաց, որ շուտով կառավարության հաստատմանը կներկայացվի մինչև 2035 թվականի էներգետիկ զարգացման հայեցակարգը, ըստ որի նախատեսվում է կայունացման հիմնադրամ ստեղծել: Իսկ այդ հիմնադրամի միջոցով փորձելու են ապահովել, որպեսզի մինչև 2036 թվականը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը պահպանվի գործող սակագնի մակարդակի վրա:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասում է, որ անհասկանալի է, թե ինչ է նշանակում սակագինն անփոփոխ պահել:

«Փաստորեն պետք է նման ապակողմնորոշիչ բառեր օգտագործեն, առանց այդ էլ մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչն ինչոց է: Ասում են՝ անփոփոխ, իբր թե շատ ուժեղ հուզված էին սակագինը իջեցնելու համար, բայց տեսնո՞ւմ եք, մարդիկ ոչ մի հնարավորություն չունեն դա անելու, գոնե ուզում են ստաբիլիզացիոն ֆոնդ ստեղծել, կայունություն ապահովելու համար: Ինչի՞ մասին է խոսքը, միայն այն հանգամանքը, որ 1000 խմ գազն առնում ես 150 դոլարով և դա կրկնակի թանկ ժողովրդի վրա վաճառում ես, ամեն ինչ ասում է: Եվ դա չի վերաբերում միայն գազին, նույնը վերաբերում է ջրին, էլեկտրաէներգիային, ցանկացած հանրային մեծ սպառում ունեցող ապրանքատեսակներին», ասաց տնտեսագետը:

Նրա խոաքով՝ 15 տարի շարունակ այդ դաշտը սարսափելի ոչ թափանցիկ է եղել: Որքան էլ մասնագետներն ուզում են խորանալ այդ խնդիրների մեջ, վերլուծել, միշտ գտնվել է պատճառաբանություն, որ իբր այդպես ճիշտ է: Եվ չկա այն հակազդող ուժը, որը կարող է կարգի հրավիրել համապատասխան որոշումներ ընդունողներին:

Բոստանջյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել ընդհուպ կրկնակի անգամ: Այսինքն, ըստ մասնագետի, ինչ հաշվարկ էլ իրականացնես, դժվար է պատկերացնել, թե որտեղից է «բստրվել» գործող սակագինը: «Հասկանալի է, որ այդ սակագինն ուղղակի այն գինն է, որը վճարում է այս հասարակությունը: Եվ դա չի վերաբերում միայն էլեկտրաէներգիային»,- հավելեց նա:

Վարդան Բոստանջյանի խոսքով՝ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ կարծես հնարավոր չէ այս ամենի դեմն առնել, երկիրը սրընթաց արագությամբ դատարկվում է:

«Այս պարագայում այդ 2036 թվականին երևի թե այստեղ մարդ չլինի: Ստացվել է այնպես, որ օրենքի գերակայության բացակայության, ազատ մրցակցության խաթարման, մենաշնորհային նկրտումների և կոռուպցիոն ռիսկերի պարագայում այս իրավիճակը պետք է լիներ, շքեղություն կամ որոշակի տրամաբանություն սպասել հնարավոր էլ չէր», հավելեց մասնագետը:

Ամենաընթերցվածը