Բաց Նամակ քաղաքապետին Դինգո Թիմի կողմից

  • Ներքին կյանք - 10 Օգոստոսի 2017, 19:52
Դիմում եմ ձեզ ինչպես Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ-ի, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների անունից:
Վերջին շրջանում գնալով շատանում են Երևանի այգիներում շների զբոսանքն արգելող ցուցանակները: Քաղաքում գրեթե այգի չի մնացել, որտեղ թույլատրվում է շանը տանել զբոսանքի: Փաստորեն ստացվում է, որ շուն պահող քաղաքացիները տեղ չունեն իրենց շանը զբոսանքի տանելու: Սա մտահոգությունների և բողոքի ալիք է բարձրացրել շուն պահող քաղաքացիների շրջանակներում, ովքեր ամեն օր դիմում են մեզ՝ որևէ քայլ ձեռնարկելու խնդրանքով:  
Եթե բոլոր այգիներում արգելվի շներով մուտքը, ապա որտե՞ղ մարդիկ զբոսանքի տանեն իրենց շներին:
Ըստ Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնների 4-րդ մասի  (Կենդանիներին պահելու, զբոսանքի իրականացման և վաճառքի պայմանները) 22-րդ կետում մասնավորապես նշված է. “Կենդանիների զբոսանքը թույլատրվում է միայն այդ նպատակով հատուկ հատկացված տարածքներում։ Նման տարածքների բացակայության դեպքում զբոսանքը կարող է իրականացվել ամայի կամ խոտածածկ տարածքներում, բացառությամբ կրթական, մշակութային, սպորտային, առողջապահական կազմակերպություններին (հիմնարկներին) հարող տարածքների, մանկական հրապարակների և շուկաների տարածքների”: Հարց է առաջանում. Երևան քաղաքում որոնք են “այդ նպատակով հատուկ հատկացված տարածքները”, կխնդրենք նշել: 
Առաջարկում և խնդրում ենք ամեն վարչական շրջանում որևէ այգու մի հատված հատկացնել շների զբոսանքի համար:
Ինչպես նաև առաջարկում ենք այգիներում փակցնել ցուցանակներ, որպեսզի մարդիկ հավաքեն իրենց շների կեղտը իրենց հետևից: Ցուցանակների պատրաստման և փակցնելու հարցում առաջարկում ենք մեր կամավոր աջակցությունը:

Կսպասենք պատասխանի
Հարգանքներով՝ Օվսաննա Հովսեփյան
Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ 

Ամենաընթերցվածը