Գալուստ Սահակյանի բացահայտումը. Լուսանկար առանց Սերժ Սարգսյանի

    • Ներքին կյանք - 10 Օգոստոսի 2017, 17:32
ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի լուսանկար, որում ՀՀԿ այսպես ասած «գաղափարական» թեւն է, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ: Լուսանկարը Սահակյանն ուղեկցել է հետաքրքիր մակագրությամբ՝ «ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որ չի գնում խոստումների ճանապարհով, այլ հաշվետվություն է տալիս արածների համար, ՀՀԿ-ն միակն է, ով ամբողջովին ինտեգրված է հասարակության մեջ»:

Ինչու է Գալուստ Սահակյանը հանդես եկել այդ լուսանկարով ու գրառումով: Հայաստանի ներքաղաքական կյանքում իր քաղաքական կարիերայի մայրամուտն ապրող Գրիգորիչը գուցե տարիքին բնորոշ ռոմանտիզմով ու կարոտաբաղձությամբ հիշում է այն ժամանակը, երբ կուսակցությունը կամաց-կամաց հայտնվում էր իշխանական ձիու վրա՝ «գաղափարական թեւի» գլխավորությամբ:

Չի բացառվում սակայն, որ ռոմանտիզմն ու կարոտաբաղձությունը բռնկվել են ոչ թե հենց այնպես, այլ այն քաղաքական համատեքստի բերումով, որ առկա է ՀՀԿ շուրջ այժմ: Բանն այն է, որ ՀՀԿ «գաղափարական» թեւն աստիճանաբի զիջում է դիրքը, եւ կուսակցության մեջ տեղի է ունենում տրանսֆորմացիա, որում սակայն այդ թեւի համար մտահոգիչը ոչ թե այն է, որ ինքը դառնում է պատմություն, այլ որ չի իրականանում «ժառանգականության» ակնկալիքը, եւ ՀՀԿ տրանսֆորմացիայի արդյունքում իշխանության է գալիս բոլորովին այլ բաղադրություն:

Այդ առումով, Գալուստ Սահակյանի գրառումը տեղի է ունենում ուշագրավ մի դրվագի ֆոնին, որ արձանագրվել է կառավարության հերթական նիստում: ՀՀԿ «նոր ոգու» խորհրդանիշ Կարեն Կարապետյանը հերթական անգամ դժգոհություն է արտահայտել պետգույքի կառավարման վարչության աշխատանքից: Իսկ վարչության պետը Գալուստ Սահակյանի որդին է՝ Արման Սահակյանը:

Սահակյանը ռեյտինգային կարգով ընտրվեց պատգամավոր, բայց ինչ որ մեկը թույլ չտվեց, որ խորհրդարանում լինի երկու Սահակյան, եւ որդին հրաժարվեց մանդատից, մնալով պետգույքի վարչության պետ: Սակայն պարբերաբար հնչող դժգոհությունները վկայում են, որ կասկածի տակ է նաեւ այդ կարգավիճակը: Հատկապես եթե Կարեն Կարապետյանը մնա վարչապետ: Իսկ որ նա կմնա վարչապետ, հենց Գալուստ Սահակյանն է ասել, նշելով, որ առաջնորդը այդուհանդերձ կլինի Սերժ Սարգսյանը:

Բայց խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը առաջնորդության համար մի անգամ արդեն քաղաքականապես զոհաբերել է Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին, 2006 թվականին թույլ չտալով նրան դառնալ Աջափնյակի թաղապետ եւ հայտարարելով, թե կուսակցությունը ոհմակ չէ:

Չի բացառվում, որ Արման Սահակյանը լինի Սերժ Սարգսյանի «քաղաքական զոհաբերությունների» նոր ցանկում:

Այդ իմաստով, Գալուստ Սահակյանի լուսանկար-մակագրությունը դառնում է իսկապես խորհրդանշական ակնարկ խոստումների դատարկության, հասարակության մեջ ամբողջական ինտեգրվածության մասին: Ու՞մ է ուղղված Սահակյանի ակնարկը՝ Կարեն Կարապետյանի՞ն, Արման Սահակյանից նրա դժգոհության հերթական ակտին ի պատասխան, թե՞ Սերժ Սարգսյանին:

Ի վերջո, թե Կարապետյանի, թե Սարգսյանի դեպքում ակնարկները կարող են լինել համարժեք, որովհետեւ երկուսն էլ առայժմ միայն առավելապես խոստումներ են տալիս ու երկուսի դեպքում էլ կա հասարակական լիարժեք ինտեգրացիայի խնդիր, ինչն այլ բան չէ, քան ՀՀԿ «ակունքին» խորթ լինելը:

Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն այդպես էլ չդարձան հարազատ, Սարգսյանը գլխավորեց, բայց այդպես էլ իր իշխանությունը լիարժեք չվստահեց ՀՀԿ-ին: Ի դեպ, արդյոք պատահական է Գալուստ Սահակյանի լուսանկարի ընտրությունը, որտեղ չկա Սերժ Սարգսյան: Այն դեպքում, երբ Սարգսյանն ըստ էության կուսակցության թերեւս ամենաերկարակյաց նախագահն է եւ գործնականում ինքն է կուսակցությունը հասցրել ավելի ու ավելի բացարձակ իշխանության:

Մյուս կողմից, ՀՀԿ-ին բացարձակ «խորթ» է նաեւ Կարեն Կարապետյանը: Դա իհարկե նրան չի «հարազատացնում» Սերժ Սարգսյանի հետ, բայց համենայն դեպս առայժմ նկատելի է, որ միմյանց «հարազատ», թե «օտար», բայց Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը գործնականում զբաղված են ՀՀԿ-ն լիովին փոխելու գործով, առնվազն մտադրության մակարդակում ունենալով 2022-ին ընդառաջ «գաղափարական» ՀՀԿ-ից հետք չթողնելու տեսլական:

Հետք իհարկե ամենայն հավանականությամբ կմնա, թեկուզ ֆեյսբուքում «կարոտալի» լուսանկարների տեսքով:

Ի դեպ, հետաքրքիր է մեկ այլ հանգամանք՝ Գալուստ Սահակյանի լուսանկարում Վազգեն Խաչիկյանի ներկայությունը: Բանն այն է, որ Խաչիկյանն արդեն մի քանի տարի է ազատազրկված է սոցիալական հիմնադրամի ղեկավարի պաշտոնում մեծ չարաշահումների համար: Թեեւ, մամուլում օրերս տեղեկություն եղավ, որ Սերժ Սարգսյանը ներել է նրան, եւ նա շուտով ազատ կլինի:

Ըստ երեւույթին, Սարգսյանը չի ցանկանում նաեւ իր «խղճի» վրա հետք թողնել «գաղափարական» ՀՀԿ-ից, որովհետեւ ի վերջո անարդար էր, երբ կուսակցությունը «հասարակության մեջ ամբողջովին էր ինտեգրված»՝ ինչպես ասում է Գալուստ Սահակյանը, իսկ ազատազրկված էր միայն Վազգեն Խաչիկյանը:

Ամենաընթերցվածը