Թեթև արդյունաբերության ոլորտի երկու ընկերություն արտոնություններ ստացան կառավարությունից

  • Ներքին կյանք - 10 Օգոստոսի 2017, 15:40

Գործադիրը բավարարել է «Քանաքեռի կարի ֆաբրիկա» և «Հելլո» ընկերությունների կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ: 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ «Քանաքեռի կարի ֆաբրիկա»-ի կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է կտորի և օժանդակ նյութերի կարի արտադրության մեջ։ Ակնկալվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: 

«Թեթև արդյունաբերության ոլորտում ընկերությունը կիրականացնի 400 մլն դրամի նոր ներդրումային ծրագիր, գործող 190 աշխատատեղերի թիվն ավելացնելով 30-ով: Ֆաբրիկան ունի նաև մեծածավալ պատվերներ մի քանի խոշոր ցանցերի կողմից», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:

Անդրադառնալով «Հելլո»-ի ծրագրին՝ նախարարն ասաց, որ ընկերությունն իրականացնելու է 100 մլն դրամի ներդրում, առկա 100 աշխատատեղերի թիվն ավելացնելով 20-ով:

ՀՀ վարչապետը Սուրեն Կարայանից հետաքրքրվեց՝ արդյոք ընկերություններին տրամադրվող հարկային պարտավորությունների հետաձգման գործընթացը պատշաճ վերահսկվում է և ստացավ դրական պատասխան: Վարչապետը հանձնարարեց այդ մասին ներկայացնել տեղեկանք:

Ամենաընթերցվածը