ԱՀ ԱԺ նախագահը բարոնուհի Քոքսի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

  • Ներքին կյանք - 10 Օգոստոսի 2017, 15:14
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 10-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա հետ Արցախ ժամանած «Մարդասիրական օգնության հիմնադրամ» կազմակերպության ներկայացուցիչներին:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհի Քոքսի հայանպաստ գործունեությունն ու նշել, որ Քոքսն առաջիններից մեկն էր, ով Արցախյան ազատագրական շարժման մեջ տեսել է մարդու իրավունքների պաշտպանության հրամայականը եւ տարիներ շարունակ հետեւողականորեն պաշտպանել այն:

Խոսելով Արցախի հետ բարեկամության եւ իրականացվող ծրագրերի մասին՝ բարոնուհին ընդգծել է, որ թեեւ Արցախ է այցելում արդեն 86-րդ անգամ, այնուամենայնիվ, ամեն անգամ յուրովի է բացահայտում Արցախը և ականատես լինում դրական փոփոխությունների ու նոր ձեռբերումների:

Այնուհետեւ հյուրերի խնդրանքով Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է նոր Սահմանադրության առաձնահատկությունները, մասնավորապես պետական կառավարման եւ մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտներում նախատեսված փոփոխությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ խորհրդարանական համագործակցության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի եւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայություն

Ամենաընթերցվածը