Օգտագործվող ծխախոտի քանակը Հայաստանում կրճատվել է

  • Ներքին կյանք - 10 Օգոստոսի 2017, 14:37
Ծխող տղամարդկանց քանակը Հայաստանում մնում է նույնը, սակայն կրճատվել է մեկ ծխողին բաժին ընկնող ծխախոտի քանակը: Այժմ տղամարդիկ 30 տոկոսով ավելի քիչ ծխախոտ են օգտագործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 10-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Հայաստանում կա դրական դինամիկա: 2007-2017 թթ. ծխողների թիվը թեև մնացել է նույնը, սակայն մեկ ծխողին բաժին ընկնող ծխախոտի թիվը 12-ից  իջել է 8-ի: Սակայն, ըստ հարցումների` եռապատկվել է  ծխող կանանց թիվը: Հասուն կանանց 6-7 տոկոսը Հայաստանում ծխող է»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգի կարծիքով` ծխախոտի գնի բարձրացումը լուծում չէ: Դպրոցներում պետք է կատարել հակածխախոտային քարոզչություն, ինչն  էապես կկրճատի ծխախոտ օգտագործողների քանակը: Հանրության մերժողական կարծիքը ևս դրական ազդեցություն կունենա:

Աշխարհում տարեկան 5-6 մլն մարդ է մահանում ծխելու պատճառով: Հայաստանը ծխողների քանակով  աշխարհում զբաղեցնում է 25-րդ տեղը, իսկ առողջության մակարդակով 85-րդ տեղում է: Ծխող հասուն տղամարդկանց քանակը Հայաստանում նախկինում եղել է ավելի բարձր, այնուհետև իջել է 50 տոկոսի և այժմ` 10  տարի անց շարունակվում է այդ թիվը պահպանվել:

Ամենաընթերցվածը