ՀՀ կառավարությունը մեծ մտավախություն չունի պատժամիջոցների կապակցությամբ

  • Ներքին կյանք - 10 Օգոստոսի 2017, 14:27

Հայաստանի կառավարությունը ներկայում վերլուծություններ ու կանխատեսումներ է իրականացնում՝ գնահատելու համար, թե ինչ ազդեցություն կունենան ՀՀ տնտեսության վրա Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցները: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո Lragir.am-ի հարցերին ի պատասխան ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նա նշեց, որ այս պահին չի ցանկանում կանխատեսումներ ներկայացնել, բայց մեծ մտավախություններ չունեն: «Այդ պատժամիջոցները նոր չեն, վաղուց է, որ կան: Արդեն դուք տեսաք, որ մեր տնտեսությունն ադապտացվել է, և ես մեծ մտահոգություններ այս պահին դեռևս չեմ տեսնում», ասաց Կարայանը:

Նա հավելեց, որ Հայաստանն ակտիվացնում է կապերն այլ երկրների շուկաների հետ, որպեսզի միայն ՌԴ-ից կախված չլինենք:

«Եթե դուք տեսնեք մեր արտահանման կառուցվածքը, ապա այս տարվա առաջին վեց ամիսներին եթե ԵՏՄ շուկաներ արտահանումն աճել է 21 տոկոսով, ապա ԵՄ շուկա աճել է ևս 20 տոկոսով: Մենք աշխատանք ենք տանում, որպեսզի մեր արտահանման և առհասարակ գործընկերային շուկաները դիվերսիֆիկացնենք», ասաց նա:

Մանրամասները տեսանյութում

Ամենաընթերցվածը