ՀՀ-ն փորձում է ակտիվացնել տնտեսական կապերը այլ երկրների հետ

  • Ներքին կյանք - 10 Օգոստոսի 2017, 13:35
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության այսօրվա նիստից հետո Lragir.am-ի հարցերին ի պատասխան ասաց, որ Հայաստանը փորձում է Ռուսաստանից դուրս ակտիվացնել տնտեսական կապերը այլ երկրների հետ:

Հարցին, թե ՌԴ նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները ի՞նչ վնաս են հասցնելու Հայաստանին, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Բոլորի համար ակնհայտ է, որ երբ Ռուսաստանում տնտեսության ոլորտում տեղի են ունենում բացասական երևույթներ, դա անդրադառնում է բոլոր հարևանների վրա: Դրա դասական օրինակն այն է, որ երբ Ռուսաստանում եղավ ճգնաժամ, դա անդրադարձավ, թե ԵՏՄ անդամ Հայաստանի վրա, թե ոչ անդամ Ադրբեջանի վրա, թե դեպի Եվրամիություն գնացող Վրաստանի վրա: Այն պետությունները, որոնք տարբեր ձևերով կապված են Ռուսաստանի հետ, լինի դա աշխատուժ, տրանսֆերտներ, տարբեր ապրանքների իրացում և տնտեսական հարաբերություններ, բնական է, դա ազդում է»:

Հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանի ղեկավարությունը փորձում չեզոքացնել պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը երկրի վրա, նա պատասխանեց. «Գիտեք ինչ, չեզոքացնել ռիսկերը, երբ պատժամիջոցների դիմում է ինքը Արևմուտքը, մենք դրա վրա որևէ ազդեցություն չունենք: Իսկ ընդհանուր մեր արտաքին տնտեսական քաղաքականությունը հետևյալն է՝ եղած տնտեսական կապերը խորացնել և ստեղծել նոր տնտեսական կապեր, նոր հարաբերություններ: Դրա համար արդեն կան թիրախավորված տարբեր երկրներ, ներկայացվել է ցուցակ, որի առաջին 14 երկրներն ընդամենը մեկնարկային են, ցուցակը սպառիչ չէ: Այդ ուղղությամբ լրջագույն աշխատանք է կատարվում”:

Մեր դիտարկմանը, թե այսինքն՝ ԵՏՄ-ից դուրս համագործակցությո՞ւն է փնտրում Հայաստանը, փոխարտգործնախարարը պատասխանեց. «Բոլոր ուղղություներով ենք զարգացնում, իհարկե»:

Անդրադառնալով այս փուլում քաղաքական ուժերից մեկի կողմից առաջ քաշված ԵՏՄ-ից դուրս գալու հարցին, Քոչարյանը պատասխանեց. “Հայաստանի համար շատ կարևոր է տնտեսական բաղադրիչը, որը հիմք է նաև մեր ազգային անվտանգության և շատ այլ հարցերի: Ինչքան հզոր լինի մեր տնտեսությունը, այնքան մենք ապահովված կլինենք, այնքան վստահ կլինենք նաև ազգային անվտանգության տեսանկյունից: Դրա համար բոլորի հետ, ում հետ ձեռնտու է, պետք է հարաբերվենք տնտեսական առումով: Նպատակն այն է, որպեսզի եղածն ամրապնդենք, և նոր տնտեսական հարաբերություններ ստեղծվեն”:

Շավարշ Քոչարյանն անդրադարձավ նաև այն մեկնաբանություններին, թե ամերիկյան ու ռուսական առճակատման պայմաններում Հայաստանը պետք է ստիպված լինի ընտրություն կատարել: Նա ասաց, որ աշխարհը երբեք սև ու սպիտակ չի եղել:

«Ես նորից հիշեցնեմ այն իրավիճակը, երբ շատ խորն առճակատման մեջ էին Իրանն ու Ամերիկան, նույնիսկ կային այնպիսի պատկերացումներ, որ կարող էին ռազմական գործողություններ սկսվել: Մենք այն ժամանակ էլ որևէ ընտրություն չենք կատարել: Մենք ազնիվ ենք եղել մեր տեղում, ունեցել ենք նորմալ հարաբերություններ և ԱՄՆ, և Իրանի հետ: Առաջնայինը նա է, որ դու հստակ գիտեկցես քո շահն ու առաջնորդվես քո շահերով՝ մյուս կողմից պահպանելով միջազգային խաղի կանոնները», հավելեց նա:

Ամենաընթերցվածը