Գրանցվել են դեպքեր, երբ գույքի փաստացի նվազագույն արժեքից ակնհայտորեն ավելի նվազ վարձավճար է սահմանվել. վարչապետ

  • Ներքին կյանք - 10 Օգոստոսի 2017, 11:53
Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը բարձրաձայնեց պետական գույքի կառավարման ոլորտում առկա խնդիրների մասին:

Նա նշեց, որ իրենց կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ պետական հիմնարկներին հանձնված գույքի, վարձակալության տրամադրման կարգի և դրա գործնականում կիրառման վերաբերյալ:

«Գրանցվել են դեպքեր, երբ գույքի փաստացի նվազագույն արժեքից ակնհայտորեն ավելի նվազ վարձավճար է սահմանվել, կամ երբ վարձակալությամբ հանձնված գույքն ավելի բարձր վարձակալության գնով հանձնվել է ենթավարձակալության: Առկա են նաև խնդիրներ համապատասխան գույքի վերաբերյալ ներկայացված ներդրումային ծրագրերի իրականացման հսկողության մասով»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ այս իրավիճակը պայմանավորված է 2001 թվականին ընդունված կարգի վերանայման անհրաժեշտությամբ, և կադաստրային ու շուկայական արժեքի գործնականում առկա անհամաչափություններով, ինչպես նաև ներդրումային ծրագրերի նկատմամբ ոչ լիարժեք վերահսկողական մեխանիզմների առկայությամբ:

«Ելնելով վերոնշյալից՝ Պետական գույքի կառավարման վարչության պետին և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում քննարկել և կառավարության հաստատմանը ներկայացնել պետական հիմնարկներին հանձնված գույքի վարձակալության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Ամենաընթերցվածը