Հայաստանի զարգացման հիմնադրամը կշարունակի աջակցել Գյումրիի ձեռնարկություններին․ արդյունքները լավ են

  • Ներքին կյանք - 09 Օգոստոսի 2017, 17:59
Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատանքային խումբը գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ այցելել են Գյումրի՝ ծանոթացել ՀԶՀ աջակցությամբ արտահանման պատվերներ ստացած ձեռնարկությունների արտադրական գործընթացին և մարզային իշխանությունների հետ քննարկել ներդրումային ծրագրեր։

«Արշալույսն» ընդլայնում է արտադրությունը

ՀԶՀ աջակցությամբ ձեռնարկությունը միջազգային ցուցահանդեսների ընթացքում ստացել է արտահանման առաջին պատվերը։ «Արշալույսի» 50 աշխատողների արտադրած գուլպեղենը սպառվում է Հայաստանում և Ռուսաստանում։ Հայ-իտալական գործարար համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ձեռնարկությունը նաև պատրաստվում է ջինսերի արտադրություն սկսել։

«Լենտեքսն» իրականացնում է արտահանման ամենախոշոր պատվերից մեկը

Գուլպաներ, զուգագուլպաներ և տրիկոտաժ արտադրող Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Լենտեքսը» Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ միջազգային ցուցահանդեսների ընթացքում ստացել է արտահանման ամենախոշոր պատվերներից մեկը։ Այս տարվա ավելի քան 100 միլիոն դրամի պատվերն իրականացնում է հաջողությամբ, ժամանակացույցի համաձայն։ 350 աշխատողները տարեկան 15 միլիոն զույգ բարձրորակ զուգագուլպաներ, տղամարդու, կանանց և մանկական գուլպաներ ու տրիկոտաժ են արտադրում։ Արտադրանքն իրացվում է «VIVA»,«LENTEX» և «DANNI» ապրանքանիշերի ներքո՝ Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Գյումրիի ձեռնարկություններին՝ աշնանը կայանալիք միջազգային ցուցահանդեսներին նույնպես մասնակցելու համար։

«Գյումրիի թեթև արդյունաբերական ձեռնարկությունները արդյունավետ են օգտագործում պետական աջակցությունը, ընդլայնում են արտադրությունները, կարողանում են բանակցել և օտարերկրյա պատվերներ ստանալ, ուստի Հայաստանի զարգացման հիմնադրամը նույնպես կձգտի դիվերսիֆիկացնել միջազգային ցուցահանդեսների աշխարհագրությունը>>,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Հիմնադրամը կաջակցի Շիրակի ներդրումային ծրագրերին

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ քննարկվել են մարզի տնտեսական զարգացման խնդիրները։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ քննարկվել են մի քանի ներդրումային ծրագրեր՝ աջակցության նպատակով։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Ամենաընթերցվածը