Կրակոցներ Երեւանում

  • Ներքին կյանք - 09 Օգոստոսի 2017, 14:47
Երեկ՝ օգոստոսի 8-ին, կրակոցներ են հնչել Երեւանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Վ Վահյան փողոցում անհայտ անձը իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել, ինչի հետեւանքով վնասվել է BMW մակնիշի ավտոմեքենայի անվադողը։

shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված հասցե են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ կրակոցներն արձակել է նույն փողոցի 45/1 տան բնակիչ՝ 62-ամյա Աշոտ Դանիելյանը՝ Վիկինգ MP-446 տիպի ատրճանակից։

Պարզվել է նաեւ, որ Ա. Դանիելյանի եւ նրան անծանոթ մի քանի անձանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Ա. Դանիելյանը իր տան 2-րդ հարկի պատուհանից կրակոցներ է արձակել, ինչի հետեւանքով էլ վնասվել է Հ. Ներսիսյան փողոցի թիվ 14/1 շենքի հարեւանությամբ կայանված նույն շենքի բնակիչ՝ 69-ամյա Հակոբ Օսիկյանին պատկանող BMW մակնիշի 34 AՍ 710 համարանիշի ավտոմեքենայի անվադողը։

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 13 հատ պարկուճ եւ 1 հատ գնդակ։

Ա. Դանիելյանը բնակության վայրից չբացակայելու պայմանով ստորագրությամբ ազատ է արձակվել։

Ամենաընթերցվածը