Ստորագրվել է սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը

  • Ներքին կյանք - 09 Օգոստոսի 2017, 11:53
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը սույն թվականի օգոստոսի 1-ին ստորագրել է ՀՀ որսահանդակներում որսի կենդանիների 2017-2018 թվականների սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների (որսահանդակների) պահպանության, պաշտպանության, օգտագործման կարգը և որսահանդակների ցանկը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված որսահանդակներում թույլատրել հետևյալ կենդանատեսակների սիրողական որսը.

1) լոր-2017 թվականի օգոստոսի 26-ից մինչև հոկտեմբերի 31-ը (8 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

2) աղավնի (թխակապույտ և անտառային)–2017 թվականի օգոստոսի 26-ից մինչև 2018 թվականի հունվարի 31-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

3) կտցար (բացառությամբ ՀՀ կարմիր գրքում գրանցվածների)– 2017 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2018 թվականի փետրվարի 28-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

4) արտույտ (դաշտային, տափաստանային)-2017 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 31-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

5) սարյակ (սովորական) – 2017 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 31-ը (8 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

6) կեռնեխ (սև կեռնեխ, սինակեռնեխ) – 2017 թվականի օգոստոսի 26-ից մինչև դեկտեմբերի 31-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

7) ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փարփար, եղեգնահավ) –2017 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի փետրվարի 28-ը (2 հատ բադից և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

8) քարակաքավ- 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

9) աղվես – 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում):

2017-2018 թվականների որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին` կազմակերպել կենսառեսուրսների օգտագործման համար պայմանագրերի կնքումը` համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 884-Ն որոշման:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին, իսկ վերջինիս լուծարումից հետո` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝

1) որսաշրջանի ընթացքում ապահովել կնքված պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների իրականացման գործընթացի վերահսկողությունը,

2) սահմանված կարգով, յուրաքանչյուր ամսվա 10-րդ աշխատանքային օրը, ՀՀ բնապահպանության նախարարին ներկայացնել հաշվետվություն սիրողական որսի վերահսկողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Ամենաընթերցվածը