Առաջին տեղեկությունը «Ներդրողների ակումբից». ՀԷԿ են կառուցելու

  • Ներքին կյանք - 08 Օգոստոսի 2017, 21:00

ՀՀ կառավարության, «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև նախատեսվում է կնքել Լոռու մարզում 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայնագրի կնքմանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության օգոստոսի 10-ի նիստի օրակարգում:

Նախագծի հիմնավորման համաձայն, ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության (ի դեմս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի) և Հովանավորի միջև 2017թ. ապրիլի 13-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Հովանավորը առաջնորդվելով փոխըմբռնման հուշագրի դրույթներով՝ դիմել է ՀՀ կառավարությանը՝ ծրագիրն իրականացնելու առաջարկով և դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու նախաձեռնությամբ: Նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի կառուցապատողին ձեռք բերել հողատարածք՝ ՀԷԿ-ի կառուցման համար: Կառուցապատողը պարտավորվում է կառուցել ՀԷԿ-ը:

Կայանի կոմերցիոն շահագործման ամսաթվից 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը երաշխավորելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի  կողմից տարեկան 500 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի գնում:

Ամենաընթերցվածը