2014-ի սցենարը կարող է կրկնվել. Հայաստանը նոր հարված կարող է ստանալ

    • Ներքին կյանք - 08 Օգոստոսի 2017, 17:55
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներին ու դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա:

Տնտեսագետի խոսքով՝ կարող է կրկնվել 2014 թվականի սցենարը, երբ դարձյալ պատժամիջոցների պատճառով  ռուսական ռուբլին արժեզրկվեց, ինչն էլ ազդեց ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտների ծավալի վրա, Ռուսաստանում գնողունակությունը նվազեց, մեր արտադրանքը դարձավ ոչ մրցունակ այդ երկրում, Հայաստանից արտահանման ծավալները կտրուկ անկում ապրեցին:

«Ռուսաստանի տնտեսական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա: Եվ անմիջական, և ուղղակի ազդեցություններն ակնհայտ են: Ռուսական ընկերությունները զգալիորեն ներկայացված են ՀՀ տնտեսությունում, երկրորդ, արտաքին  շուկայում արտահանման առումով ռուսական շուկայից մենք կախվածություն ունենք»,- ասաց նա:

Ըստ մասնագետի՝ դժվար է ասել, թե Հայաստանում կոնկրետ երբ կզգացվեն այդ պատժամիջոցների հետևանքները՝ երեք, թե վեց ամիս անց, քանի որ դրանք կապված են ֆինանսական ու էներգետիկ ոլորտների հետ, որտեղ անմիջական ազդեցություն չկա:

«Բայց հաշվի առնելով ռուսական տնտեսության կախվածությունը էներգետիկ համակարգից, նաև ռուսական տնտեսության ֆինանսական բնագավառում տեղի ունեցող իրադարձությունները, կարելի է ասել, որ պատժամիջոցներն անհետևանք չեն մնա Ռուսաստանի տնտեսության վրա: Դա կբերի լրացուցիչ ծախսերի, և Ռուսաստանը չի բացառում, որ ռուսական արժույթի արժեզրկում տեղի կունենա, այդ դեպքում դա նաև իր վրա կզգա Հայաստանի տնտեսությունը: Նախորդ պատժամիջոցների ժամանակ մենք տուժեցինք հատկապես այն ժամանակ, երբ ռուսական ռուբլին մոտ երկու անգամ արժեզրկվեց: Դա ազդեցություն ունեցավ հատկապես  տրանսֆերտների վրա, ՌԴ բնակչության գնողունակության վրա, իսկ դրանով պայմանավորված՝ Հայաստանից արտահանումների հնարավորությունները սահմանափակվեցին, մեր արտադրանքի մրցունակության կորուստ եղավ: Նախորդ անգամ պատժամիջոցները շատ երկար իրենց զգացնել տվեցին, մինչև երկու տարի տևեց, երբ Ռուսաստանի տնտեսությունը ինչ-որ կերպ կարողացավ հարմարվել»,- ասաց նա:

Հայաստանում էլ, նրա խոսքով, այդ հարվածից հետո վերականգնման գործընթաց է տեղի ունենում, արտահանման ու տրանսֆերտների ծավալները վերականգնվում են: Եվ ստացվում է, որ խնդիրները չլուծված, նոր խնդիրներ են սպասվում:

«Չի բացառվում, որ այդ նույն սցենարը կրկնվի: Ամեն ինչ կախված է նրանից, թե Ռուսաստանի տնտեսությունը որքանով կդիմակայի, էներգետիկ՝ գազի ու նավթի ոլորտում ներկայացվող ընկերությունները որքանով կկարողանան հարմարվել այդ նոր պայմաններին»,- հավելեց մասնագետը:

Տնտեսագետի խոսքով, միգուցե կարճաժամկետ հատվածում՝ առաջիկա երեք ամիսներին այդ ազդեցությունը Հայաստանում չզգացվի, իսկ երկարաժամկետ առումով ՌԴ տնտեսությունը խնդիրների մեջ կհայտնվի, եթե տեխնոլոգիաներ չգտնի: Եթե նոր տեխնոլոգիաների կիրառում ապահովվի այդ երկրի տնտեսությունում, միգուցե կկարողանան տնտեսական անկախության հասնել: Պատժամիջոցների դրական կողմն էլ այն է, որ ստիպված են լինում այլ ձևով մտածել, որովհետև երբ գազի ու նավթի գինը բարձր էր, ֆինանսական հնարավորությունները մեծ էին, լրիվ այլ տրամաբանությամբ տնտեսություն էր կառուցվում:

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանի կառավարությունը՝ հնարավորինս մեղմելու այդ բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա, Վահագն Խաչատրյանը պատասխանեց, որ պետք է է ունենալ այնպիսի տնտեսություն, որը մեկ երկրից կախվածություն չունենա:

«Այդ դիվերսիֆիկացիա հասկացությունը նաև արտահանման շուկային է վերաբերում: Այսինքն՝ դուք պետք է ունենաք այնպիսի արտադրանք, որի սպառումը ոչ միայն ռուսական շուկայում լինի, այլ նաև այլ երկրներում, այդ թվում՝ եվրոպական: Այսինքն՝ պետք է ստեղծվի այնպիսի որակյալ արտադրանք, որի պահանջարկն այդ շուկաները կունենան: Առավել ևս, եվրոպական շուկայում մենք ունենք մեծ առավելություն՝ GSP+ համակարգը, որով մենք արտոնյալ պայմաններով առևտուր ենք իրականացնում: Այսինքն՝ մենք պետք է օգտվենք եվրոպական և ամերիկյան շուկայի ընձեռած հնարավորություններից, որովհետև մեզ արտոնյալ վիճակ են տվել: Բայց մենք չենք կարողանում օգտվել դրանից, որովհետև չունենք այդ որակյալ արտադրանքը: Այ մեր այսօրվա իշխանության ու գործարար միջավայրի խնդիրը պետք է լինի այդպիսի ատադրանք ունենալը», ասաց մասնագետը:

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ եթե կառավարությունը խնդիր է դնում, որ Հայաստանի գործարարների համար նոր շուկաներ պետք է գտնեն, դա ուրիշ խնդիր է, բայց գործարարներն էլ իրենց հերթին պետք է նախաձեռնություն ցուցաբերեն, որպեսզի կարողանան իրենց բիզնեսը զարգացնելու համար մտնեն եվրոպական կամ այլ շուկաներ: Ընտրությունն, ըստ տնտեսագետի, բիզնեսինն է: Միշտ ռուսական շուկայում է եղել այդ հնարավորությունը, օգտվել են դրանից, բայց այսօր այլ շուկաներում էլ կան այդ հնարավորությունները, պետք է գործել:

Ամենաընթերցվածը