Օտար դրոշները կհեռացվեն քաղաքային տրանսպորտից

  • Ներքին կյանք - 08 Օգոստոսի 2017, 16:52
Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանին հղել էր նամակ, որում նշել էր, որ անթույլատրելի է ՀՀ մայրաքաղաքի քաղաքային տրանսպորտում օտար դրոշների առկայությունը: Հարությունյանը երեկ նամակ է ստացել, որ դրանք կհեռացվեն քաղաքային տրանսպորտից:

Հարությունյանի՝ հուլիսի 24-ին հղված նամակը:

Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Երևանը սպասարկող քաղաքային տրանսպորտում բազմիցս ականատես եմ եղել մի երևույթի, երբ ավտոբուսներում կախված են օտար պետությունների դրոշներ:

Հիմնականում դրանք Ռուսաստանի Դաշնության դրոշներ են, սակայն հանդիպել են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դրոշներ: Այն, որ մեր ինքնիշխան պետության մայրաքաղաքի տրանսպորտում առկա են այլ երկրների սիմվոլներ, համարում եմ անընդունելի ու անարգանք մեր պետականության հանդեպ: Ես եղել եմ բազմաթիվ երկրներում և որևէ տեղ չեմ արձանագրել նման արատավոր երևույթ: Եվ դա այն դեպքում, երբ այդ պետություններում քաղաքային տրանսպորտի վարորդները հաճախ օտարեկրացիներ են, սակայն Երևանում այլ պետության դրոշներ վեր են բարձրացնում ՀՀ քաղաքացիները:

Եղել են դեպքեր, երբ անձամբ կապվել եմ երթուղին սպասարկող ընկերությունների ղեկավարների հետ, սակայն նման անհատական մոտեցումն անարդյունավետ է, քանի որ այս խնդիրը կրում է համակարգային բնույթ և պահանջում է համակարգային լուծում: Ուստի հաշվի առնելով վերոնշյալը՝ դիմում եմ Ձեզ հրահանգավորելու համապատասխան ստորաբաժանումներին, մասնավորապես՝ Տրանսպորտի վարչությանը, երթուղային գծերը սպասարկող ընկերությունների ղեկավարության միջոցով այս արատավոր երևույթին վերջ դնելու համար:

Ամենաընթերցվածը