Հայկական գինին ունի բոլոր նախադրյալները միջազգային շուկայում հաջողելու համար

  • Ներքին կյանք - 08 Օգոստոսի 2017, 16:03
Այս օրերին Հայաստանում գտնվող Գայզենհայմի համալսարանի պրոֆեսոր Յոն Հանֆը համոզված է, որ մեր երկրում խաղողագործությունն ու գինեգործությունը զարգացում են ապրում, և Հայաստանում արտադրված գինին այսօր արդեն ոչ թե ուղղակի ըմպելիք է, այլ հաճույք պատճառող ըմպելիք: Գինու բիզնեսի մասնագետն առաջին անգամ Հայաստան է եկել 2008 թվականին և մինչ օրս ավելի քան 12 այց է կատարել Հայաստան՝ հասցնելով ծանոթանալ հայկական գինեգործության ողջ պատմությանը:

Պրոֆեսոր Հանֆը նշում է, որ Հայաստանն ունի գինեգործության հնադարյան պատմություն, և միջազգային շուկայում անհրաժեշտ է համադրել այդ պատմությունն ու բարձր որակը: Նրա խոսքով՝ կարևոր է, որպեսզի արտադրողը գիտակցի, որ գինու արտադրությունը չի սահմանափակվում գործարանում կամ մառանում. այդ երկար գործընթացը սկսվում է խաղողի մշակումից: Արտադրական ողջ շղթայի ընթացքում պետք է ապահովել որակը, և այդ ուղղությամբ առաջին քայլն անել այգիներում: Լավ որակի գինի ստանալու համար հարկավոր է լավ որակի խաղող ստանալ:

Հատուկ ոլորտի զարգացման համար հիմնված Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համոզված է, որ առաջիկայում մենք խոսելու ենք գինեգործության ոլորտում գրանցած հերթական հաջողությունների մասին, որին նպաստելու են թե՛ հիմնադրամի աշխատանքները, թե՛ ոլորտի մասնագետների գիտելիքները:

Ոլորտի մասնագետներ պատրաստելու համար 2014 թվականին «Սեմինա Քոնսալթինգ» ընկերության հետ համատեղ հիմնվել է Ի-Վի-Էն գինու ակադեմիան, որի համահիմնադիր, տնօրեն Վարդան Ուռուտյանն ընդգծում է, որ իրենց շրջանավարտներն անգործ չեն մնում: Իրենց կողմից տրված գիտելիքների շնորհիվ նրանք շատ արագ իրենց տեղն են գտնում աշխատաշուկայում՝ կարողանալով նաև ապահովել սահուն սերնդափոխություն գինեգործության ոլորտում:

Առավել մանրամասն՝ կից տեսանյութում.

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Ամենաընթերցվածը