20 տարի անց վերադարձել է, տուն չեն թողել. Շղթայական ողբերգություն Դիլիջանում

    • Ներքին կյանք - 07 Օգոստոսի 2017, 15:39
Տավուշի մարզում տեղի ունցեցած ողբերգությունը, երբ տղամարդը փորձել էր այրել տունը, սակայն ինքն էր այրվել, այլ ողբերգության պատճառ է դարձել: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Դիլիջանի տներից մեկում հայտնաբերվել էր  46-ամյա տղամարդու դի՝ այրված վիճակում: Նա դյուրավառ նյութ է լցրել տան դռան վրա և փորձել այրել տունը, որտեղ եղել էին կինը, մայրը և 2 երեխաները, սակայն ինքն էր այրվել և մահացել:

Տղամարդը Դիլիջանի բնակիչ Կարեն Մանուկյանն էր, ով 20 տարուց ավելի հեռացած էր եղել ընտանիքից: Նա մի քանի ամիս առաջ վերադարձել էր Հայաստան, սակայն ընտանիքի անդամները նրան չէին ընդունել: Նա բնակվել էր իր բարեկամների տներում: Եվ վրեժից դրդված տղամարդը որոշել էր այրել տունն ու ընտանիքի անդամներին:

Մեր ուղեցած տեղեկություններով՝ ընտանիքի անդամները հրաժարվել են հուղարկավորել տղամարդուն: Բարեկամներն ու ընկերներն են հուղարկավորությունը կազմակերպել: Հուղարկավորության օրը երեկոյան, երբ հարազատներն ու մահացածի եղբայրը հոգեհաց են կազմակերպել, վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ողբերգությամբ: Հանգուցյալի հասցեին արված «ռեպլիկի» պատճառով դանակահարություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ:

Ի դեպ, ոստիկանությունն այս դեպքի մասին արդեն հաղորդագրություն է տարածել այսօր, ըստ որի՝ օգոստոսի 5-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1978 թ. ծնված Հայկ Գ.-ն, 1958 թ. ծնված Հակոբ Ե.-ն, 1966 թ. ծնված Արտակ Ե.-ն և 1990 թ. ծնված Արթուր Եգանյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցում գտնվող «Ջոնիկի բեսեդկա» կոչվող տաղավարում կողմերի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Հայկ Գ.-ն ձեռքին եղած դանակով դիտավորությամբ հարվածել է Արթուր Եգանյանին և վերջինիս հորը` Արտակ Ե.-ին: Ստացած վնասվածքներից Արթուր Եգանյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:

Ամենաընթերցվածը