Դա ոտնձգություն է հայոց լեզվի նկատմամբ. քաղաքագետ

  • Ներքին կյանք - 17 Հուլիսի 2017, 17:37
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի՝ հայկական կողմին  արած առաջարկին: Հիշեցնենք, որ Վոլոդինը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ասել է՝ որպեսզի ՌԴ տարածքում ճանաչվեն Հայաստանի կողմից տրված վարորդական իրավունքները, Հայաստանը պետք է ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տա: Ստյոպա Սաֆարյանը հիշեցնում է, որ ռուսական կողմը 2011 թվականից անթաքույց փորձեր է անում ռուսաց լեզուն Հայաստանում առաջ մղելու ուղղությամբ: Եվ դա անում է բավական անազնիվ մեթոդներով:

«Սկզբնական շրջանում՝ 2011 թվականին, երբ Մոսկվայում Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը ստորագրել էին մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ հումանիտար ոլորտում համագործակցության մասին, այդ պայմանագրերով, նաև դրանից դուրս ռուսական կողմը ցանկություն է հայտնել, որպեսզի Հայաստանում ռուսաց լեզվի գործածության մասշտաբները մեծացվեն: ՀՀ իշխանությունները չեն առարկել և տվել են նման խոստում», ասաց նա:

Հետագայում՝ 2012 թվականին ռուսական կողմն այնքան էր շտապում, որ Հայաստան ժամանած ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են այդ հարցերը: Այդ նույն տարիներին, Սաֆարյանը հիշեցնում է, որ Հայաստանում խոսք էր գնում օտարալեզու դպրոցների բացման մասին: Եվ ՌԴ իշխանությունները փորձում էին օտարալեզու դպրոցներ բացելու անվան տակ Հայաստանում մեծացնել ռուսական դպրոցների թիվը: Բավական արդյունավետ դիմադրության արդյունքում, ըստ մասնագետի, ՀՀ իշխանությունը չգնաց այդ քայլին: Եվ արդյունքում ռուսալեզու դպրոցները հավասար կարգավիճակի վրա դրվեցին այլ լեզուներով դպրոցների հետ:

Դրանից հետո, նրա խոսքով, ռուսական կողմը մի քանի այլ փորձեր էլ արեց. Սյունիքում ցանկանում էին գիմնազիա բացել, կառավարության որոշմամբ Հայ-ռուսական սլավոնական համալսարանին տրվեց հետազոտական ինստիտուտի կարգավիճակ և այլն: «Եվ նման քայլերով անընդհատ փորձեր են արվել մեծացնել ռուսական լեզվի տիրույթները Հայաստանում: Բայց քանի որ Հայաստանը չունի ռուսախոս փոքրամանսություն, այդ թիվն անկախության տարիներից հետո անշեղորեն նվազել է, բնականաբար, ռուսական կողմը շատ լուրջ դժվարությունների է հանդիպում, որպեսզի Հայաստանում ռուսերեն լեզվին տրվի պետական կարգավիճակ: Վերջերս Ռուսաստանի նախարարների մեկը խոսեց այն մասին, որ ԱՊՀ տարածքում պետք է վերադառնալ կիրիլիցային:

Իհարկե, հետագայում հայկական կողմի բարձրացրած աղմուկից հետո նշեցին, թե խոսքը վերաբերում է այն պետություններին, որոնք նախկինում կիրիլիցայով են գրել, օրինակ, Ադրբեջանին», ասաց նա:

Ըստ Սաֆարյանի՝ եվ ահա Ռուսաստանի համար բավական անարժանապատիվ քայլ է կատարվում, այդ երկիրն օրենք ընդունեց, ըստ որի միայն ռուսերենը պետական լեզու ճանաչած երկրների վարորդական իրավունքները կճանաչվեն Ռուսուսաստանի տարածքում: “Սա ակնհայտ ոտնձգություն է հայոց լեզվի և Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ, որովհետև Ռուսաստանն իրավունք չունի պարտադրելու այս ամենը: Փաստացի մեր հայ միգրանտները, որոնք այսօր աշխատում են Ռուսաստանում, դիտարկվում են որպես պատանդներ Ռուսաստանի կողմից, և նրանց խնդիրներով փորձում են ազդել պաշտոնական  Երևանի ու Հայաստանի հասարակության վրա”, ասաց նա:

Սաֆարյանի խոսքով՝ անթույլատրելի կլինի հայկական կողմից որևէ զիջումների գնալը: Եթե Ռուսաստանը սկանդալ է ցանկանում, ապա Հայաստանի իշխանությունները չպետք է կուլ գնան ու խորամանկ լուծումների գնան: Մասնագետի խոսքով՝ հարցը պետք է դրվի շատ բաց և պահանջողի իրավունքով, որովհետև, ԵՏՄ-ում, որտեղ խցկեցին Հայաստանը, չի կարող լեզու պարտադրվել: “Սա քաղաքական խնդիր է, ոչ տնտնեսական է, ոչ էլ այլ խնդիր: Միջազգային լեզու գոյություն ունի, դա անգլերենն է: Եթե Ռուսաստանը շատ է ցանկանում, որպեսզի ռուսերեն  լեզվին կարգավիճակ տրվի, այդ դեպքում ինքն էլ պարտավոր է իր երկրում պաշտոնական կարգավիճակ տալ հայոց լեզվին և մյուս լեզուներին”, հավելեց նա:

Ամենաընթերցվածը