Գագիկ Խաչատրյանը ստացավ իրենը. Սերժ Սարգսյանը մասնակցել է Սուրբ Սարգիս եկեղեցու օծմանը

  • Ներքին կյանք - 15 Հուլիսի 2017, 18:35
President.am կայքի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը հուլիսի 15-ին Եղվարդում ներկա է եղել Սուրբ Սարգիս նորակառույց եղեկեղու օծման արարողությանը: Եկեղեցին կառուցվել է Խաչատրյանների ընտանիքի բարերարությամբ:

Խոսքը ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մասին է, որն ուղեկցել է Սերժ Սարգսյանին եկեղեցու օծման արարողությանը:

Գագիկ Խաչատրյանը տեւական ժամանակ հանդիսացել է Հայաստանի իշխող համակարգի առանցքային դեմքերից մեկը, որին եւ որի ընտանիքին պատկանում են մի շարք խոշոր բիզնեսներ:

Գագիկ Խաչատրյանը հանրային լայն ուշադրության առարկա էր դարձել մեկ այլ շինության կառուցմամբ, իհարկե ոչ թե Եղվարդում, այլ Դիլիջանում: Խոսքը ՊԵԿ այսպես կոչված ուսումնական կենտրոնի մասին է, որը կառուցվել է պետական միջոցներով եւ որի համար ծախսվել է ավելի քան 30 միլիոն դոլար: Թե ինչի համար էր անհրաժեշտ ուսումնական կենտրոնի անվան տակ այդ շքեղ փաստացի հանգստայն կենտրոնը, թերեւս Գագիկ Խաչատրյանին էր հայտնի, գուցե նաեւ Սերժ Սարգսյանին, այլապես տարօրինակ կլիներ, եթե նրա անտարբերությամբ եւ անուշադրությամբ էր կառուցվում այդ շքեղ եւ թանկարժեք կենտրոնը պետության հաշվին, առավել եւս, որ մամուլը բազմաթիվ անգամներ ահազանգել է այդ կառույցի աննպատակահարմարության եւ կոռուպցիոն ռիսկ պարունակելու մասին:

Ի վերջո, Գագիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո Սերժ Սարգսյանը փաստացի խոստովանեց, որ կառույցը եղել է անիմաստ, որովհետեւ դրան որեւէ իմաստ տալու համար կենտրոնը փոխանցվեց պաշտպանության նախարարությանն ու այնտեղ այժմ Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարանն է, թեեւ 30 միլիոն դոլարով գուցե հնարավոր էր կառուցել մի քանի այդպիսի վարժարան:

Այժմ Գագիկ Խաչատրյանը եկեղեցի է կառուցել, Սերժ Սարգսյանն է մասնակցել է եկեղեցու օծմանը:

Եկեղեցաշինությունը հայկական իշխող համակարգում թե նախնական, թե ընդհանրապես որեւէ միլիոնի հանրային լեգիտիմության խնդիր ունեցող խոշոր կապիտալիստների այսպես ասած «ինդուլգենցիան» է: Գագիկ Խաչատրյանն էլ փաստորեն ստացավ իրենը:

Ամենաընթերցվածը