Եգիպտոսի միջադեպի արձագանքը Հայաստանում. անհանգիստ են, բայց խուճապ չկա

    • Ներքին կյանք - 15 Հուլիսի 2017, 12:32
Հուրգադայում երեկ տեղի ունեցած միջադեպից հետո Եգիպտոս հանգստի մեկնող հայաստանցիների շրջանում անհանգստության ալիք է բարձրացել: Այս մասին Lragir.am-ին ասաց զբոսաշրջային ոլորտի մասանգետ, «Շելբի տուր» ընկերության տնօրեն Մարինե Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ դանակով զինված անձը Հուրգադայում հարձակվել էր  զբոսաշրջիկների վրա, ինչի հետաևնքով կան զոհեր, վիրավորվել է ՀՀ երկու քաղաքացի:
«Այսօր առավոտվանից մարդիկ մեզ դիմում են ու հարցուփորձ անում: Համատարած խուճապ չկա, դեռ փաթեթները հետ տվողներ չեն եղել, բայց զանգում ու հարցնում են: Մենք անհանգստացողներին առաջարկում ենք փաթեթը փոխել ու Վրաստան գնալ, քանի որ գումարը վերադարձի ենթակա չէ: Մենք չենք կարող մարդկանց մեղադրել, եթե վախենում են և չեն ուզում գնալ: Բայց այս պահին Հուրգադայում շատ հանգիստ է, մեր զբոսաշրջիկները նորմալ հանգստանում են»,- ասաց Մարինե Ավետիսյանը:

Նա հավելեց, որ այսօր անգամ Արտաքին գործերի նախարարությունից հաճախորդներ ունեն, ովքեր մեկնելու են Եգիպտոս, ամենևին չեն անհանգստանում և ընտանիքներով եկել են իրենց փաթեթի հետևից:

Այս օրերին Եգիպտոսում հանգստի փաթեթները հայաստանցիները ձեռք են բերում սկսած 450-550 դոլարից:

Մարինե Ավետիսյանը փոխանեցեց, որ երեկվա միջադեպից հետո կապվել է Հուրգադայում հանգստացող հայ զբոսաշրջիկների հետ: “Իրենք ընդհանրապես տեղյակ չէին, որ նման դեպք է եղել, ընդհանրապես ոչ մի վախի մթնոլորտ չկար, և մարդիկ իրենց համար հանգստանում էին: Մի բան էլ նրանք ասում էին՝ իզուր եք խառնվել իրար, այստեղ ամեն ինչ նորմալ է”,- ասաց նա:

Ըստ մասնագետի՝ այս օրերին Հայաստանից շատ են մեկնում Եգիպտոս: Միայն “Շելբի տուրի” փաթեթներով այս օրերին Հուրգադայում հանգստանում է մոտ 300 հայաստանցի: Բացի այն, որ Հայաստանից դեպի Եգիպտոս չվերթներն են լեփ-լեցուն լինում, նաև շատերը Վրաստանից են մեկնում:
Մարինե Ավետիսյանը նաև ասաց, որ դեպքից հետո կապվել է Եգիպտոսի իր գործընկերների հետ, ովքեր նույնպես ասել են, որ անհանգստանալու կարիք չկա, պատմել են, որ դեպքը հանգստյան գոտու ափամերձ հատվածում է տեղի ունեցել:
“Ասում են՝ նա խելագար էր, լողալու ընթացքում դուրս է թռել ափամերձ հատված ու դանակով հարձակվել մարդկանց վրա, սպառնացել: Տեղեկությունն այնպիսին է, որ նա հարձակվել է սլավոնական արտաքինով անձանց վրա: Տեռորիստական ակտի ոչ մի նշույլ չկա այս դեպքի մեջ, պարզապես տեղի է ունեցել միջադեպ, որը կարող էր տեղի ունենալ ցանկացած քաղաքում: Ավելին ասեմ, այդ միջադեպից հետո անվտանգության բոլոր նորմերն այնտեղ ավելի են խստացվել”,- հավելեց մեր զրուցակիցը:

Ամենաընթերցվածը