«Ով որ կարծում է, որ Իսկանդերը զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է Իսկանդերը: Այ երբ որ իմանա, կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը», Տավուշի մարզում Արմենիա հեռուստաընկերության Ռ-Էվոլյուցիա հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն ասել է նաեւ, որ Հայաստանը ներկայում ունի ամենաարդիական սպառազինություն: Նախօրեին ռուսական պետական Ռիա-Նովոստիին հարցազրույց էր տվել Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ով մի շարք հայտարարություններ էր արել սպառազինության վերաբերյալ: Մասնավորապես, նա ասել էր, թե ունեն ոչ ռուսական արտադրության հակահրթիռային համալիրներ, որոնց դեմ Իսկանդերն անզոր է: Նա ասել էր, թե Հայաստանից 50 անգամ շատ հրթիռներ ունեն: Հետաքրքիր է, որ ռուսական պետական ԶԼՄ-ն տեղ է տալիս ռուսական զենքի հպարտության՝ Իսկանդերի «ոչնչացմանը», նկատի առնելով այն հանգամանքը, որ ռուսները պնդում են, թե Իսկանդերն ի զորու է հաղթահարել ցանկացած պատնեշ: Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր հարցազրույցում հայտարարել է, թե նաեւ ռուսական սպառազինության շնորհիվ է Ադրբեջանը հաջողության հասել ապրիլի պատերազմում: Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից հետո Բեռլինում Մերկելի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե հայերը կռվում էին 80-ականների զենքով: Ներկայում խոսակցություններ կան այս ամսվա ընթացքում հնարավոր ինչ որ իրադարձությունների մասին: Կոմանդոսն ասում է, որ հուլիսին շատ բան է պարզվելու: Հուլիսի 4-ի միջադեպը միջազգային լայն արձագանք ունեցավ, որին հետեւեց Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Բրյուսելում: Նույն օրերին Ռուսաստանը նորագույն հրթիռներ տրամադրեց Ադրբեջանին, որին էլ հետեւեց Հասանովի հարցազրույցը: Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն իր հերթին հայտարարեց, որ սահմանին լարվածությունը պահպանվելու է, քանի դեռ հայկական զորքը դուրս չի բերվել: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում ներկայում քիչ ինչ տարօրինակ վիճակ է՝ Ռուսաստանը կիրառում է մտրակի ու բլիթի քաղաքականություն, եւ տպավորություն է, թե Մոսկվան Բաքվին մղում է ինչ որ քայլի, ընդ որում՝ արագացնելով այդ քայլը: Կան տեսակետներ, թե այդ քայլը միանշանակ չէ, որ հայկական ուղղությամբ է լինելու: Այս ֆոնին, Սերժ Սարգսյանը խոսում է Իսկանդերի մասին: Ավելի վաղ նա մի անգամ էլ էր անդրադարձել Իսկանդերին, ասելով, թե չի վարանի կրակելու հրաման արձակելու հարցում: Սա «կանխիչ հարված»-զգուշացո՞ւմ է Ադրբեջանին, նաեւ այն կտրվածքով, որ եթե Ադրբեջանն անցյալ տարի ապրիլին տապալվեց հայկական 80-ականների զենքից, ապա ինչ կարող է պատահել արդեն նորագույն սպառազինության պայմաններում: Թե՞ նրա «կանխիչ հարվածն» էլ է այլ ուղղությամբ:
Զգուշացում Ադրբեջանին. Ինչ է ակնարկում Սերժ Սարգսյանը
- Ներքին կյանք - 14 Հուլիսի 2017, 19:54