Բավրայում հնդկացորենի վերամշակման գործարան է շահագործվում

  • Ներքին կյանք - 14 Հուլիսի 2017, 15:01
Հուլիսի 14, 2017թ., Շիրակի մարզ, Բավրա համայնք. Առաջին հայկական հնդկացորենը մոտ օրերս արդեն կլինի հայաստանյան խանութներում: Անկախությունից ի վեր արտերկրից հնդկացորեն ներկրող Հայաստանն իր սեփական արտադրանքը  կունենա Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ։

Շիրակի մարզի սահմանամերձ Բավրա գյուղում «Նոր հատիկ» անվանումը կրող հնդկացորենի արտադրամասի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 12:30-ին:

Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող ENPARD «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագիրը 2015 թվականից ի վեր աշխատում է առաջնային արտադրող և վերամշակող 53 կոոպերատիվների հետ։

Բավրայի արտադրամասին մշտապես հնդկացորեն ապահովելու համար հնդկացորեն արտադրող 67 համայնքների 551 ֆերմերներն ընդգրկվել են Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 33 կոոպերատիվներում։ Կոոպերատիվները հնդկացորեն են մատակարարելու կամ Բավրայի, կամ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի հնդկացորենի արտադրամասերին։

2016 թվականին ծրագիրն առաջնային արտադրության կոոպերատիվներին տրամադրել է հնդկացորենի սերմ   և պարարտանյութ, իսկ մայր կոոպերատիվներին`   հնդկացորենի վերամշակման գործարաններ։ Արդյունքում՝ մշակվել է 520 հեկտար հողատարածք` 1 հեկտարից արձանագրելով միջինը 1,2 տոննա

հնդկացորենի բերք։ Բացի այդ, ծրագրի աջակցությամբ միջազգային և տեղական փորձագետների կողմից անցկացվել են ֆերմերների ուսուցումներ  հնդկացորենի ցանքի, պարարտացման,  բերքահավաքի, բերքի պահպանման, վերամշակման, ինչպես նաև հնդկացորենի մեղրի արտադրության կազմակերպման վերաբերյալ:

Բավրայի մայր գործարանի շինարարական աշխատանքները ֆինանսավորվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, իսկ իրականացվել՝ կոոպերատիվի կողմից։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, լինելով Հայաստանի և Արցախի զարգացման ջատագովն արդեն 25 տարի, մեծ ուշադրություն է հատկացնում գյուղատնտեսությանը՝ գիտակցելով գյուղացու սեփական ձեռքով իր կայուն եկամուտն ապահովելու կարևորությունը։ Օրինակ՝ Հիմնադրամը Տավուշի մարզում 2011-ից գործարկում է Հիմնատավուշ զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ Բոլորովին վերջերս էլ՝ հուլիսի 12-ին, Հիմնադրամի արգենտինահայ և ավստրալահայ բարերարների ֆինանսավորմամբ նույն Տավուշում բացվեց 100-րդ ջերմոցը՝ նվիրված տավուշցի 100-րդ ընտանիքին։ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ENPARD) նպատակն է գյուղատնտեսության, արտադրող խմբերի և արժեշղթաների կայուն զարգացումը: ENPARD-ի «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում  է ՄԱԱԶԿ/UNIDO-ի և ՄԱԶԾ/UNDP-ի կողմից։ Ծրագրի նպատակն է հզորացնել գյուղմթերք արտադրող խմբերին, նրանց ներգրավել արժեշղթաների զարգացման մեջ, ամրապնդել բարձրորակ և մատչելի արտադրանքի արժեշղթաները, նպաստել գյուղական վայրերի զարգացմանը, ընդլայնել տեղական և  միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունները, և Հայաստանում ներդնել գյուղատնտեսական արտադրության և մշակման լավագույն փորձը:

Ծրագրի անմիջական շահառուներն  են գյուղմթերք  արտադրողները, արտադրող խմբերի անդամները և նրանց ընտանիքները, գյուղատնտեսական արժեշղթաներում ներգրավված խմբերը, ինչպես նաև Հայաստանի սպառողները: Ծրագիրն առանձնակի ուշադրություն է դարձնում կանանց և երիտասարդների խմբերին:

Եռամյա ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին և իրականացվում է Հայաստանի 7 մարզերում՝ Շիրակ, Լոռի, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության (2.4 միլիոն եվրո) և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից (1 միլիոն եվրո):

Ամենաընթերցվածը