Երևանում անցկացվել է ՀԱՊԿ երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի հավաքը

  • Ներքին կյանք - 13 Հուլիսի 2017, 20:17
Երեւանում hուլիսի 11-13-ն անցկացվել է Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Մասնակցում էին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունների, Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության, ՀԱՊԿ միացյալ շտաբի եւ Հավաքական անվտանգության կազմակերպության քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Հավաքի ծրագիրը բաղկացած էր տեսական եւ գործնական պարապմունքների փուլերից:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, որտեղ անցկացվում էին ուսումնամեթոդական պարապմունքները, մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն իր ելույթում անդրադարձավ հավաքի խնդիրներին եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությանը:
Հավաքի առաջին օրը կրթահամալիրում անցկացվեցին եռափուլ պարապմունքներ, որոնց նպատակը ստորաբաժանումների ծառայողների պրոֆեսիոնալ որակների բարձրացումն ու համատեղ աշխատանքի սկզբունքների եւ հմտության ամրապնդումն է:
Հաջորդ փուլը գործնական հրաձգության տարրերի կիրառմամբ կրակային պարապմունքներն ու ձեռնամարտի ցուցադրական ելույթներն էին:
Հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքի արդյունքներն ամփոփվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացված եզրափակիչ խորհրդակցության ընթացքում:

Ամենաընթերցվածը