Հայաստանը պարտավորվել է Լուսնի վրա ռազմաբազա չկառուցել

  • Ներքին կյանք - 13 Հուլիսի 2017, 18:20
Հայաստանի կառավարությունը մտադիր է օգուտ ստանալ լուսնի և այլ երկնային մարմինների բնական ռեսուրսների շահագործումից: Այս մասին նախագիծը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում: Այն չզեկուցվող հարցերի թվում էր և առանց բարձրաձայնվելու հաստատվեց:

Հայաստանը մտադիր է միանալ 1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագրին: Հենց այն վավերացնելու նախագիծն  էլ այսօր հաստատվեց: Նախագծում հետաքրքիր ձևակերպումների ենք հանդիպում: Օրինակ՝ «Ցանկանալով կանխել Լուսնի վերածումը միջազգային հակամարտության գոտու, հաշվի առնելով այն օգուտները, որոնք հնարավոր է քաղել Լուսնի և այլ երկնային մարմինների բնական ռեսուրսների շահագործումից…» :

ՀՀ կառավարության մշակած նախագծի հոդված 3-ի համաձայն՝ լուսինը պետք է օգտագործվի բացառապես խաղաղ նպատակներով: Լուսնի վրա արգելվում է ուժի ցանկացած գործադրում, ուժի գործադրման ցանկացած սպառնալիք, թշնամական գործողություն կամ թշնամական գործողությունների սպառնալիք։ Լուսնի վրա արգելվում է ռազմական բազաների, օբյեկտների և ամրաշինությունների հիմնումը, ցանկացած տեսակի զենքի փորձարկումն ու ռազմական զորախաղերի անցկացումը։

Գիտական հետազոտությունների համար կամ ցանկացած այլ խաղաղ նպատակներով զինվորական անձնակազմի օգտագործումը չի արգելվում, լուսնի հետազոտման և օգտագործման համար անհրաժեշտ ցանկացած սարքավորման կամ հարմարության օգտագործումը ևս չի արգելվում։

Նախագծում նաև նշվում է, որ Լուսինը չի կարող յուրացվել պետությունների կողմից՝ ոչ ինքնիշխանություն հռչակելու, ոչ այն օգտագործելու կամ զավթելու և ոչ էլ որևէ այլ միջոցով։

Նշվում է նաև, որ այս համաձայնագրի վավերացմամբ Հայաստանի գործող օրենքներում փոփոխություն չի լինի:

Ամենաընթերցվածը