Արցախում ավելանում են կաթիլային համակարգով ոռոգվող ծխախոտի ցանքատարածությունները. փոխնախարար

  • Ներքին կյանք - 13 Հուլիսի 2017, 17:20
Արցախում մշակվում է մոտ 180 հա ծխախոտի ցանքատարածություն, որը նախորդ տարվա համեմատ աճել է:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Կարեն Աղաջանյանը՝ մանրամասնելով, որ Մարտունու շրջանում կատարվել է 124 հա ծխախոտի ցանքատարածություն, Ասկերանի շրջանում՝ 48 հա և Մարտակերտի՝ 8:

«Ծխախոտը բարձր եկամուտ ապահովող մշակաբույս է: Մշակման և իրացման հարցում համարյա խնդիրներ չունենք: 2009 թվականից «Մասիս Տոբակո» ընկերությունն Արցախում լայն գործունեություն է ծավալել: Այստեղ ծխախոտագործության զարգացման համար կան բարենպաստ պայմանները: Ունենք նաև ծխախոտի չորանոցներ, որտեղ էլ իրականացվում են չորացման աշխատանքները»,-ավելացրել է Կ. Աղաջանյանը:

Խոսելով ծխախոտի ցանքատարածությունների կաթիլային համակարգով ոռոգման մասին՝ Կ. Աղաջանյանը նաև տեղեկացրել է, որ 2016 թվականից է Արցախում ներդրվել այդ համակարգը:

«Մարտունու շրջանում ծխախոտի ցանքատարածությունների մի մասը ոռոգվում է կաթիլային համակարգով, ինչն էլ ավելի արդյունավետ է դարձնում այս մշակաբույսով զբաղվողների աշխատանքը»,-հավելել է Կ. Աղաջանյանը: 

Ամենաընթերցվածը