Սերժ Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ

  • Ներքին կյանք - 13 Հուլիսի 2017, 16:03
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Սարգսյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտու մարտական դիրքերից մեկը՝ շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման ու զինվորների կենցաղային պայմաններին, ինժեներական և ամրաշինական կառույցների, մարտական պատրաստականության վիճակին: Հանրապետության Նախագահը նվերներով խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների: Նախագահը շնորհակալություն է հայտնել հայրենիքի պաշտպաններին, մաղթել նրանց հաջողություն, բարի ծառայություն և ընդգծել, որ նրանց բարեխիղճ ծառայությունը մեծապես գնահատվում է և նրանց շնորհիվ մեր ժողովուրդը կարողանում է հանգիստ ապրել, աշխատել և զարգացնել մեր հայրենիքը:

Սերժ Սարգսյանն այնուհետև մասնակցել է Իջևանում տեղակայված զորամասի նոր մշտական տեղակայման վայրի բացման հանդիսավոր արարողությանը, որտեղ ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարարը, զորամասի հրամանատարը, ԶՈՒ հոգևոր առաջնորդը, պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը: Նորակառույց զինավանի բացմանը նվիրված միտինգից և հանդիսավոր երթից հետո Սարգսյանը շրջայց է կատարել զորանոցում, ծանոթացել պայմաններին, զրուցել անձնակազմի հետ և զինվորական ճաշարանում ճաշել զինվորների ու հրամանատարների հետ:

Նույն օրը պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին:

Ամենաընթերցվածը