Պոչամբարն այնքան է լցվել, որ եկել հասել է հարևան գյուղ

    • Ներքին կյանք - 19 Հունիսի 2017, 21:47
Հայաստանում հանքերի շահագործմանը զուգահեռ մեծ վտանգ են ներկայացնում պոչամբարները: Մասնագետները շարունակում են ահազանգել, որ հիմնականում Սյունիքի ու Լոռու մարզերում բաց պոչամբարները մեծ վնաս են հասցնում բնությանն ու բնակչությանը:

Lragir.am-ի տեսախցիկն օրերս արձանագրել է Սունիքի մարզի Արծվանիկի պոչամբարը, որն աշխարհի ամենամեծ պոչամբարներից է և պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Այն լցված է մոտ 300 մլն տոննա թունավոր զանգվածով: Այս պոչամբարը ռեկուլտիվացիայի չի ենթարկվել, դեռևս գործող է, մասնագետներն ասում են՝ այնքան մեծ է, որ անգամ տիեզերքից էլ է երևում: Սյունիքի մարզից բնապահպան Դավիթ Հակոբյանը Lragir.am-ին ասաց, որ մարզում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջիկայում նոր պոչամբար է կառուցելու, իսկ Արծվանիկի պոչամբարը փակվելու է: Երբ այն ռեկուլտիվացիայի կենթարկվի, հայտնի չէ:

«Մոտ 2 տարի առաջ Արծվանիկ գյուղի տարածքից 200 հա-ից ավելի հավելյալ տարածք օտարվեց՝ պոչամբարի կարիքների համար, և գյուղացիները ստացան փոխհատուցում: Որևէ գյուղացի բողոք չի հայտնում այս պոչամբարի հետ կապված: Պոչամբարի մակարդակը բարձրանում է, քանի որ կոմբինատը նաև իր արդյունահանումն է մեծացրել, հետևաբար հավելյալ տարածքներ էին պետք՝ մինչև նոր պոչամբարի կառուցումը»,- ասաց մասնագետը:

Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ Հայաստանում պոչամբարների շահագործումը մեծ խնդիր է: Ժամանակին չի արվում այդ պոչամբարների ռեկուլտիվացիա, եթե արվում է, ապա շատ վատ:

«Աշխարհում կան շատ նորագույն մեթոդներ՝ պոչամբարներով և առանց պոչամբարների աշխատելու համար: Ես կարծում եմ՝  բոլոր հանքարդյունահանողներն էլ դրան տեղյակ են, սակայն չեն ուզում շատ գումար ծախսել: Վերջերս ես ականատես եղա, թե ինչ վիճակում էր Ախթալայի կոմբինատի պոչամբարը: Ինքն իր նախատեսված ծավալից մեծ քանակությամբ պոչանքներ ունի, պոչանքն այնքան է լցվել, որ եկել հասել է հարևան գյուղ: Այնտեղ նույնիսկ մի տարածք կա, որտեղ մարդիկ այգիներ ունեն, անասուններ են արածում: Սա եզակի վիճակ չէ Հայաստանի համար»,- Lragir.am-ին ասում է բնապահպանը:

Բաց պոչամբարների համար լուծումը հետևյալն է՝ բնապահպանական նորմերը պահպանելով՝ պետք է ռեկուլտիվացիա անել, երբ վտանգավոր նյութերը կորզում են:  Իսկ եթե դա չի արվում, ապա, մասնագետի խոսքով, պոչանքի այն մասը, որը հողային գրունտի հետ կապ ունի, մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին: «Բոլորն ասում են՝ մենք այնտեղ պաշտպանիչ շերտեր ենք արել, բայց այդ պաշտպանիչ շերտերը տարիների ընթացքում կամաց-կամաց քայքայվում են, պոչանքի նյութերը կարող են ներթափանցել բնության մեջ: Կան պոչանքներ, որոնք արտանետում ունեն: Օրինակ, Ախթալայի պոչամբարի տարածքում կանգնողների մոտ 5 րոպե անց սրտխառնոց ու գլխացավ է սկսվում»,- ասաց Սիլվա Ադամյանը:

Դատելով Հայաստանի կառավարության վարած քաղաքականութունից՝ մասնագետներն ահազանգում են, որ Ամուլսարի հանքի շահագործման պայմաններում ևս վտանգավոր պոչամբար ենք ունենալու: Սիլվա Ադամյանն ասաց, որ ծրագրի նախագիծը կարդալով՝ բնապահպանները հասկացել են՝ այստեղ էլ լուրջ խնդիրներ են լինելու պոչանքների հետ կապված: «Ամուլսարի հանքի շահագործումը, մեղմ է ասված, որ խնդիրներ կառաջացնի: Դա Հայաստանը կկանգնեցնի կատաստրոֆայի առաջ՝ ոչնչացնելով Ջերմուկը՝ որպես հանգստան գոտի: Վերջնականապես խաչ կքաշվի Ջերմուկի ստորգետնյա ջրերի վրա»,- ահազանգում է մասնագետը:

Նա նաև ասում է, որ Հայաստանում գնալով նվազում են հանքարդյունաբերողների կողմից վճարվող բնապահպանական գումարները:

«Մեր պետական ատյանները պետք է կիրառեն օրենքներ, որոնք պետք է լուրջ հարված հասցնեն բիզնեսմենի գրպանին, եթե պատասխանատու հանքարդյունաբերություն չիրագործի:

Բնապահպանության նախարարությունն ուղղակի ի վիճակի չէ իր աշխատակազմով հետևել և տեսնել, թե ինչ է տեղի ունենում ոլորտում: Մի անգամ մարդիկ գիշերով նկարել էին, թե ինչպես էին Ախթալայի պոչամբարից պոչանքները գետ լցվում: Դրա հիմա վրա մեծ գումար էին տուգանել, բայց իրենց տեսուչները չեն կարողանում հետևել գործընթացին ու բացահայտել նման դեպքեր»,- ասաց նա: