Հայ վարորդներին կվերահսկեն տախոգրաֆներով

  • Ներքին կյանք - 19 Հունիսի 2017, 20:18
Հայաստանի կառավարությունը հրապարակել է 2017-2022 թվականների ծրագիրը: Ծրագրի՝ տրանսպորտին վերաբերող կետերից մեկում նշված է. «մինչև 2018 թվականի ավարտը բարձրացնել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական հագեցվածությունը` վարորդների աշխատաժամանակի վերահսկման նպատակով թվային տախոգրաֆի և վերահսկողության այլ էլեկտրոնային համակարգերի ներդրման միջոցով»:

Տախոգրաֆը վերահսկող սարքավորում է, որը տեղադրվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում և բեռնատարներում: Այն նախատեսված է արագության, աշխատանքի ռեժիմի, վարորդների հանգստի գրանցման համար: Համակարգը ներդրված է աշխարհի շատ երկրներում:

Ռուսաստանում, օրինակ, տախոգրաֆներն աշխատում են ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգի հետ միասին: ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն ընդունիչը և GPRS մոդեմը թույլ են տալիս հետևել տրանսպորտային միջոցի ընթացքին:

Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մայիսի 23-ին ընդունել էր «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության պատվիրակությանը: Պատվիրակության ներկայացուցիչները հայտնել էին, որ Հայաստանի համար նախատեսված «ԳԼՈՆԱՍՍ»-ի կայանն արդեն պահեստում է, և սպասում են համաձայնագրի վավերացմանը:

Ըստ ամենայնի, հայկական տրանսպորտային միջոցներում տեղադրվելու են ռուսական արտադրության տախոգրաֆներ: Համաձայն տախոգրաֆային ծառայություններ առաջարկող ռուսական ընկերությունների կայքերի՝ տախոգրաֆի և դրա տեղադրման գինը, կախված մոդելից, դրամի վերածած արժե 315-330 հազար դրամ: Տախոգրաֆի համար նախատեսված տուփը, վարորդի անձնական քարտը, ձեռնարկության քարտը միասին արժեն մոտ 55 հազար դրամ: ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգին միանալու ծախսերը (սարքավորումներ և սպասարկում) կարժենան մոտ 190 հազար դրամ: Այսինքն ընդհանուր ծախսերը կկազմեն մոտ 560-580 հազար դրամ:  

Քանի որ տախոգրաֆը տեղադրվելու է հանրային տրանսպորտում, ծախսերը, ամենայն հավանականությամբ, պետք է կատարվեն պետական միջոցներից: Միայն Երևանում, ըստ քաղաքապետարանի կայքի, շահագործվում է 430-440 ավտոբուս, 1440 միկրոավտոբուս և մոտ 100 տրոլեյբուս: