Կրթության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի ղեկավարին

  • Ներքին կյանք - 19 Հունիսի 2017, 16:56
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Նինո Կուտատելաձեն, փորձագետ Օնի Լուսկ-Սթոուվերը, ԿԳՆ ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը, որոնք նպատակ ունեն աջակցել բարձրագույն, միջին մասնագիտական և հանրակրթության ոլորտի բարեփոխումներին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կրթության ոլորտին ցուցաբերված հետևողական աջակցության համար՝ նշելով, որ կրթության բարեփոխումների շարունակականության և արդյունավետության տեսանկյունից առանձնացվել են որոշակի ուղղություններ, որոնք առաջարկվում է ներառել Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրում:

ԿԳ նախարարը ՀԲ ներկայացուցիչներին ներկայացրել է կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ ընդգծելով մասնավորապես կրթակարգի, առարկայական չափորոշիչների, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների շարժունությանը, համալսարաններում անձեռնմխելի ֆոնդերի ստեղծմանը և այլ խնդիրների առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են աշխատանքային և կազմակերպչական տարբեր խնդիրների: