Արցախում վիրավորված զինվորներից մեկի աչքը վիրահատել են, մյուսը կայուն ծանր վիճակում է

  • Ներքին կյանք - 19 Հունիսի 2017, 16:07

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հունիսի 16-ին վիրավորում ստացած եւ «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» տեղափոխված զինվորի վիճակը միջին ծանրության է: «Արմենպրես»-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանն ասաց, որ զինվորի մոտ երկու աչքն էլ վնասված է: «Մի աչքն արդեն վիրահատել ենք: Նրան երկարատեւ բուժում է սպասվում»,-ասաց Մալայանը՝ չբացառելով առաջիկայում ևս վիրահատության անհրաժեշտությունը:

Նրա փոխանցմամբ՝ վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Այն հաջողությամբ հեռացվել է, իրականացվել է լազերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։

«Եթե առաջիկայում բարդություններ չլինեն, ապա ակնկալվում է, որ երիտասարդի տեսողությունը կվերականգնվի»,-հերթական զննումն կատարելուց հետո ասել է պրոֆեսոր Մալայանը։ 

Հետվիրահատական շրջանը ևս անցնում է հարթ։ Զինվորը շարունակում է մնալ մասնագետների մշտական հսկողության ներքո։ 33­-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ վիճակի վատացում չի արձանագրվում։ 

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանն էլ ասաց, որ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող մյուս զինվորը կայուն ծանր վիճակում է:

Հաստոցավոր հակատանկային նռնականետերից ադրբեջանական կողմը հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Հայտնի էր դարձել նաև, որ երկու զինծառայող տեղափոխվել են հիվանդանոց:

Ամենաընթերցվածը