Բաց նամակ Կարեն Կարապետյանին

  • Ներքին կյանք - 19 Հունիսի 2017, 15:31
Կրկնակի քննադատություն և բանավեճի հրավեր ՀՀ վարչապետ Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Մեծարգո՛ Վարչապետ

«Համահայկական գիտական խորհուրդ» (ՀՀ ԳԽ) ՀԿ-ի նախագահության անունից Ձեզ ուղղված մեր նախորդ բաց նամակի (http://www.lragir.am/index/arm/0/society/view/146992) նպատակն էր մեր մասնագիտական օժանդակությունն առաջարկել ՀՀ նախագահի ղեկավարությամբ Ձեր կողմից իրականացվող վարչատնտեսական  բարեփոխմանն ուղղված նախաձեռնություններին, քանզի համոզված ենք, որ ներկա հետամնաց ու կոռումպացված գիտահամալսարանական համակարգով անհնար է երկրում ապահովել քաղաքակիրթ  սոցիալ-տնտեսական զարգացում:

Ակնկալվում էր, որ մեր նամակում շարադրված առաջարկությունները, որոնք վերաբերում են բնագավառի բարեփոխմանը և թելադրված  են միջազգային մասնագիտական փորձառությամբ, Ձեր կողմից լուրջ քննարկման կարժանանան: Սակայն, որպես իմ նամակի պատասխան՝ ստացա Կրթության և գիտության նախարարության  հիմնական գիտաավերիչ օղակներից մեկի ղեկավարի` ԳՊԿ-ի նախագահի, անհեթեթ գրությունը: Մինչդեռ, եթե հավատանք այդ չինովնիկի կողմից իրականացվող գիտության միջոցների խմբակային թալանի, գիտական շառլատանությունների ու անօրինական կամայականությունների  մասին ՀՀ Վերահսկիչ ծառայությունների հայտարարություններին և մամուլի բազմաթիվ հրապարակումներին, նա  վաղուց պիտի առնվազն զրկված լիներ բնագավառում որևէ ղեկավար  պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

Ուստի, մեր առաջարկությունների նկատմամբ Ձեր կողմից ոչ համարժեք վերաբերմունքը ստիպում է մեզ նորից դիմել Ձեզ խնդրանքով` լուրջ բանավեճի առարկա դարձնելու մեր կողմից առաջարկվող  գիտահամալսարանական համակարգի բարեփոխման վերաբերյալ  մեր  նախորդ նամակում շարադրված դրույթները:

Ձեր դրական արձագանքի դեպքում կներկայացնեմ մեր կողմից հնարավոր քննարկմանը մասնակցող, միջազգային փորձին քաջատեղյակ, առաջատար գիտնականների ցանկը, որոնց անունները դեռ ձեռնպահ եմ մնում նշելու՝ նրանց «չինովնիկական տեռորի» առարկա չդարձնելու համար: 

Խորին հարգանքով.

Պրոֆ. Սիներիկ Հայրապետյան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսագիտության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԽ ՀԿ-ի նախագահ

Ամենաընթերցվածը