Կառավարությունը խոստանում է 12 տոկոսային կետով կրճատել աղքատությունը, 25%-ով բարձրացնել նվազագույն աշխատավարձը

    • Ներքին կյանք - 19 Հունիսի 2017, 12:40
Կառավարությունն այսօր հաստատել է 2017-2022 թվականների ծրագիրը, որը գործադիրը որակում է որպես «երկրի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիր, որի առանցքը կազմում են լայնամասշտաբ բարեփոխումները»:

Կառավարության ծրագրում հիմնականում շարադրված են այն միջոցառումները, որոնք նախատեսվում են իրականացնել առաջիկա հինգ տարիների ընթացքում: Թվային ցուցանիշներն ու կանխատեսումները համեմատաբար քիչ են:

Այսպես, ծրագրում նշվում է, որ նախատեսվում է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում՝ համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով: Նախատեսվում է արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի: Կառավարությունը մտադիր է կրճատել աղքատությունը՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով: Նպատակ կա նաև ապահովել անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա ըստ կառավարության, երկիրը պետք է առաջնորդվի առաջարկի վրա հիմնված տնտեսական աճի մոդելով, որտեղ տնտեսական աճի առանցքային շարժիչն արտահանումն է: Ծրագրային այս մոտեցումների կենսագործումը պահանջում է տնտեսության իրական հատվածի և արտահանման շուկաների դիվերսիֆիկացիա: Ծրագրում նշվում է, որ պետությունը հետևողականորեն կբարելավի մրցակցային միջավայրը՝ ապահովելով ապրանքային շուկաներ ազատ և հավասար մուտքի և ելքի պայմաններ:

«Հայաստանում շարունակաբար կայանալու են ներդրողների պաշտպանության և երաշխիքների տրամադրման ինստիտուցիոնալ համակարգերը՝ յուրաքանչյուր ներդրողի մոտ ամրապնդելով երկրի նկատմամբ վստահության և գործընկերային բարձր մակարդակ: Օտարերկրյա ներդրողների ներգրավմամբ ներդրումային ծրագրերը կուղղորդվեն հատկապես ժամանակակից արտադրական տեխնոլոգիաներով տնտեսության վերազինման պահանջների բավարարմանը, ինչը զուգահեռաբար կընդլայնի նոր ներդրումներ կլանելու տնտեսության կարողությունը: Միաժամանակ, ներառական տնտեսական աճին նպաստող և նոր աշխատատեղեր ստեղծող ներդրումային ծրագրերը կգտնվեն ՀՀ կառավարության ուղղակի հոգածության տիրույթում»,- նշվում է ծրագրում:

Կառավարությունը թիրախավորում է ապրանքների և ծառայությունների արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ հասցնել շուրջ 40 տոկոսի:

Ծրագրում նշվում է, որ կառավարությունը նախատեսում է զգալիորեն և շեշտակի բարձրացնել օտարերկրյա ներդրումներ-ՀՆԱ հարաբերությունը: Նախանշվում են մի շարք միջոցառումներ, որոնք, ըստ կառավարության, պետք է ապահովեն ներդրումների աճ: Սակայն ցուցանիշներ չեն նշվում, թե որքան ներդրումներ են նախատեսվում ներգրավել վերոնշյալ ժամանակահատվածում:

Ի տարբերություն ներդրումների՝ զբոսաշրջության ոլորտի մասով հավակնոտ թվեր են ներկայացված: Կառավարությունը նախատեսում է 2017-2022 թվականներին իրականացվելիք քայլերի և միջոցառումների արդյունքում տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի:

Ըստ կառավարության ծրագրի՝ հարկաբյուջետային քաղաքականությունն առաջիկա տարիներին միտված կլինի տնտեսական աճի խթանմանը և տնտեսությունում աճի ներուժի աստիճանական բարձրացմանը: Արդյունավետ հարկային և մաքսային վարչարարության իրականացման արդյունքում պետք է ապահովվի հարկային եկամուտների կայունությունը՝ նախատեսելով հարկային եկամուտների և ՀՆԱ-ի հարաբերակցության աճ՝ առաջիկա 5 տարիների ընթացքում 2.5 տոկոսային կետով՝ հաշվի առնելով առաջիկա տարիներին տնտեսության զարգացման միտումները:

Ըստ ծրագրի՝ գյուղատնտեսության ոլորտի ՀՆԱ-ն տարեկան առնվազն 5 տոկոսի աճ պետք է ապահովի:

Կառավարությունը գտնում է, որ մրցունակ ազգային տնտեսություն և տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելու համար կարևոր են արտադրողականության շարունակական աճը և նոր տեխնոլոգիաների անընդհատ կիրառումը: Նաև տեղեկանում ենք, որ մրցունակ և նորարար տնտեսություն ունենալու համար կառավարությունը մշակելու և կյանքի է կոչելու Հայաստանի թվային օրակարգը, որը հիմք կհանդիսանա տնտեսության վերափոխման և կենսունակության ապահովման համար։ Թվային օրակարգը կանդրադառնա մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին:

Ամենաընթերցվածը