Կոռուպցիան դպրոցներում. Անահիտ Բախշյանն Ծիածան գյուղի դպրոցի անօրեն տնօրենի գործունեության մասին տեղեկացնում է մարզպետին

  • Ներքին կյանք - 19 Հունիսի 2017, 11:14
Կոռուպցիան դպրոցներում. Անահիտ Բախշյանն Արմավիրի մարզի Ծիածան գյուղի դպրոցի անօրեն տնօրենի գործունեության մասին տեղեկացնում է մարզպետին

Կարծում եմ կրթության ոլորտում կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ հասարակությունն անչափ շահագրգռված է և կարդացել է հունիսի 15-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Կոռուպցիան կանոնակարգվում է օրենքներով և իրավական փաստատթղթերով» հոդվածս, որը կոնկրետ կրթության ոլորտում Գեղարքունիքի նախկին մարզպետի կոռուպցիոն գործունեության մասին էր: Խոստացել էի շարունակել կրթության ոլորտում այլ ՀՀԿ պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության մասին:

Այս մեկն էլ Արմավիրի մարզպետ պարոն Ղահրամանյանի մասին է, ով, չգիտեմ տեղյա՞կ է արդյոք, թե ի՞նչ կոռուպցիոն մեխանիզմներ են գործում մարզի դպրոցներում, մասնավորապես, Ծիածան գյուղի միջնակարգ դպրոցում: Եթե չգիտի, շատ վատ է, ուրեմն իր տեղում չէ, իսկ եթե գիտի, բայց տնօրենի ձեռքը չի բռնել, ուրեմն ապօրինության մասնակից է:

Ս.թ. մայիսի 10-ին ԿԳՆ կրթության տեսչության պետ պարոն Արամ Կարապետյանին ներկայացրել էի Արմավիրի մարզի Ծիածան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից թույլ տրված մի շարք ապօրինությունների մասին ու խնդրել էի տեսչության լիազորությունների շրջանակում ստուգել դրանք: Մասնավորապես տեղեկացրել էի չաշխատող, բայց գրանցված ու աշխատավարձ ստացող անձանց, ներառական կրթության գործընթացում անօրինականությունների ու չհաճախող աշակերտների բացակայությունները չնշելու փաստերի մասին:

ԿԳՆ Կրթության պետական տեսչության պետ պարոն Ա. Կարապետյանի ստորագրությամբ 14.06.2017թ. պատասխան նամակում գրված է. «Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ դիմումում բերված փաստարկների մեծ մասը համապատասխանում է իրականությանը: Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ տեղեկացնում ենք ՀՀ ԿԳ նախարարին, Անահիտ Բախշյանին և ՀՀ Արմավիրի մարզպետին » :

Ես արդեն տեղեկացվեցի, տեղեկացնում եմ նաև ԿԳ նախարար պարոն Մկրտչյանին ու Արմավիրի մարզպետ պարոն Ղահրամանյանին՝ նրանց ուղարկելով թե՛ իմ, թե՛ պարոն Կարապետյանի պատասխան նամակները:

Կարծում եմ, որ իրավապահ մարմինները նույնպես պետք է հետաքրքրվեն այս անօրեն տնօրենի գործունեությամբ:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Ամենաընթերցվածը