Արցախի նախագահի խոսնակի կարեւոր հայտարարությունը

    • Ներքին կյանք - 17 Հունիսի 2017, 14:32
Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին շփման գծում հայկական կողմից երեք կյանք խլած միջադեպի մասին, հայտարարել է, թե չկա վիրավորների մասին պաշտոնական տեղեկատվություն:

Այդ կապակցությամբ Դավիթ Բաբայանը շոշափել է կարեւոր խնդիր եւ արել կարեւոր հայտարարություն: «Երբ խոսում են զոհերի, վիրավորների մասին, մենք հասկանում ենք, որ կա երկու մոտեցում. մեկը՝ իրոք մարդիկ մտահոգված են, ուզում են, որ ընդհանրապես վիրավորներ չլինեն, կամ եթե կան, ուզում են իմանալ նրանց վիճակի մասին։

Երկրորդ խումբը, որը քիչ թիվ է կազմում, պարզապես շահարկումների, սենսացիաների հետևից ընկնելու համար է ուզում իմանալ։ Սա անթույլատրելի է, որովհետև սրանից հակառակորդն է օգտվում։ Այս ամենի ներքո ամենակարևոր ուղենիշը պետական համապատասխան կառույցի հայտարարությունն է։

Տվյալ դեպքում ՝ՊԲ-ի կամ ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը, նայած թե ինչ հատվածում է տեղի ունենում։ Հետևաբար, մնացած բոլոր տեղեկությունները որպես հիմք ընդունելը ճիշտ չէ, վտանգավոր է։ Դուք գիտեք, որ մենք երբևէ չենք թաքցրել որևէ զոհ, որևէ վիրավոր։ Եթե չկա տեղեկություն, ուրեմն՝ դա չի համապատասխանում իրականությանը», հայտարարել է Դավիթ Բաբայանը:

Խնդիրն այն է, որ նախօրեին ստացված ողբերգական տեղեկությունների կապակցությամբ հայաստանյան մի շարք տեղեկատվական միջոցներում ոչ միայն նշվել է վիրավորների մասին, այլ հրապարակվել են նույնիսկ վիրավոր զինծառայողների անուն ազգանուններ:

Արցախի նախագահի խոսնակը այժմ հայտարարում է, որ եթե չկա պաշտոնական տեղեկություն, ուրեմն չկա վիրավոր, իսկ մյուս բոլոր տեղեկությունները հիմք ընդունելը ճիշտ չէ եւ վտանգավոր է:

Վտանգավորը սակայն ոչ թե մյուս տեղեկությունները հիմք ընդունելն է, այլ տեղեկությունների լինելն ինքնին: Որովհետեւ եթե տեղեկությունը կա, ապա հիմք ընդունել-չընդունելը դառնում է հարաբերական, որովհետեւ այդ տեղեկությունը կարդում են հարյուր հազարավոր եւ միլիոնավոր մարդիկ, այդ թվում Հայաստանում, եւ այդ թվում Ադրբեջանում:

Ոչ պաշտոնական, անանուն աղբյուրին հղումները լրատվամիջոցների աշխատանքի մաս են, դա բնորոշ է ոչ միայն Հայաստանին: Լրատվամիջոցն ինքն է որոշում իհարկե, թե որքանով է վստահելի իր աղբյուրը՝ անանուն հղումով տեղեկություն հրապարակելու եւ հետո անհարմար դրության մեջ չհայտնվելու համար:

Բայց լիովին այլ է վիճակն այն դեպքում, երբ խոսքը փաստացի պատերազմի գոտուց ստացվող տեղեկությունների մասին է: Եվ այստեղ խնդիրը թե լրատվամիջոցների դաշտում է, թե այն կառույցների, որոնք պատասխանատու են պատերազմական գոտուց տարածվող տեղեկատվության համար:

Եթե սահմանից, խրամատներից ով ինչ ուզի կարող է տարածել, լուսանկարել, տեսանկարահանել, ով ինչ բառապաշարով եւ շեշտադրումներով ուզի կարող է խոսել զինվորների հետ, նկարել նրանց, հարցեր տալ եւ այլն, իսկ հետո այդ ամենը բաց թողնել եթեր, ապա այստեղ լրատվամիջոցի գործունեությունը չէ վտանգի աղբյուրը, այլ այն պետական կառույցներինը, որոնք պետք է սահմանից, առաջնագծից, փաստացի պատերազմի գոտուց ապահովեն տեղեկատվության հստակ եւ կանոնակարգված տարածում, բացառելով ոչ պաշտոնական որեւէ աղբյուրի առկայությունը:

Առաջնագծի անվտանգությունը նաեւ տեղեկատվական է, եւ այդ անվտանգության հարցում տեղեկատվական կարգավորումն ունի էական նշանակություն: Հետեւաբար, եթե առկա է խնդիր, իսկ փաստորեն այս դեպքում խնդիրն առկա է եւ անգամ Արցախի նախագահի խոսնակի մակարդակով է այն արձանագրվում, ուրեմն առկա է պատասխանատու կառույցների թերացումը: Հետեւաբար պետք է լինեն պատասխանատուներ:

Ամենաընթերցվածը