Հայազն կուսակցությունն ինքնալուծարվում է՝ միանալով ՍԴՀԿ-ին

  • Ներքին կյանք - 17 Հունիսի 2017, 13:18
«Հայազն» կուսակցությունը Երևանից դուրս անցկացրեց իր արտահերթ 4-րդ համագումարը, որին իբրև հյուր ներկա էին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները: Համագումարի 30 պատվիրակները, քննության առնելով Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական և անվտանգության խնդիրները, միաձայն որոշեցին ընդունել հետևյալ բանաձևերը.

1. Հայաստանում ապրիլին անցկացված խորհրդարանական ընտրություններում արձանագրված ցուցանիշները գաղափարական այլընտրանքի բացակայության արդյունքն են:

2. Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման և երկրում որակական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է կուռ, միասնական և մեծ քաղաքական թիմ, որն իր առջև խնդիր է դնելու հանդես գալ երկրում քաղաքական օրակարգ ձևավորելու դիրքերից:

3. Հիմք ընդունելով սույն թ-ի մայիսի 1-ին «Հայազնի» և ՍԴՀԿ-ի կողմից իրականացրած միասնական համաժողովում ընդունված Մանիֆեստը, անցնել սոցիալապես անպաշտպան խավերի քաղաքական շահերի ներկայացման կարևորագույն գործընթացին:

4. Գիտակցելով Հայաստանի և Արցախի անվտանգության հարցում համահայկական ներուժի օգտագործման հրամայականը և ունենալով գաղափարական ու քաղաքական նույնական հայացքներ

Համագումարը որոշեց

«Հայազն» կուսակցությունը  ինքնալուծարվում է և իր կազմակերպական ողջ ներուժով առաջիկա մեկ ամսվա ընթացքում ներառվում է Հայ իրականության առաջին քաղաքական՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շարքերը՝ մաս կազմելով համահայկական մեծ ընտանիքին:

«Հայազն» կուսակցության մամլո ծառայություն

Ամենաընթերցվածը