ԵՏՄ-ն սահմանափակել է Հայաստանի արտոնյալ պայմանները. ՀԲ զեկույց

    • Ներքին կյանք - 17 Հունիսի 2017, 10:53
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետևանքով առաջացել են մարտահրավերներ, քանի որ երրորդ երկրների հետ արտոնյալ պայմաններով առևտրային համաձայնագրերի շուրջ բանակցելու Հայաստանի հնարավորությունները սահմանափակվել են: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Հայաստան. երկրի համակարգված գնահատում» զեկույցում:

Ըստ զեկույցի՝ մեր երկրի առևտրային քաղաքականությունը շատ բաց է եղել այն բանից հետո, երբ Հայաստանը  2003 թվականին միացավ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:

«Թեև Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին անմիջական օգուտներ բերեց, սակայն նաև ավելացրեց բյուրոկրատական բեռը՝ Միությունից դուրս առևտրի իրականացման մասով: ԵՏՄ անդամակցությունը սահմանափակում է երրորդ երկրների հետ արտոնյալ պայմաններով առևտրային համաձայնագրերի շուրջ բանակցելու Հայաստանի հնարավորությունները: Միջինից երկարաժամկետ ազդեցությունները խառն են՝ զուգակցված կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումների և գիտելիքի փոխանցման օգուտների նվազմամբ», նշվում է զեկույցում:

Ըստ զեկույցի՝ Հայաստանից արտահանվող ապրանքների մրցունակությունը ցածր է, տեսականին՝ փոքր, ապրանքները կատարյալ չեն, դիվերսիֆիկացման աստիճանը փոքր է, «գոյատևման» գործակիցը՝ ցածր:

2005-2015 թվականներին գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման ծավալների աճը նշանակալի է եղել, սակայն այդ աճը պայմանավորված է եղել հիմնականում ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչների շնորհիվ, ինչը կազմել է արտահանվող գյուղմթերքի 70 տոկոսը: Այս խմբերից և ոչ մեկը չի հիմնվում Հայաստանի գյուղատնտեսական պաշարների բազայի վրա:

Ըստ զեկույցի՝ գինու խաղողը, որը հանդիսանում է Հայաստանի միջազգային ճանաչում ունեցող գինիների և ալկոհոլային խմիչքների հումք, աճեցվում է ընդամենը 10 հազար հեկտար տարածքի վրա, որը կազմում է Հայաստանի մշակվող հողատարածքների ընդամենը 3 տոկոսը: Իսկ ծխախոտն արտադրվում է ներկրված հումքից:

Խնդիր է նաև այն, որ Հայաստանի առևտուրը կախված է երրորդ երկրից՝ Վրաստանից: Բեռների փոխադրման վերգետնյա ծառայությունները լիարժեք կարգավորված չեն, իսկ  երկաթուղային և լաստանավային փոխադրումները դեռևս տրամաբանական այլընտրանքներ չեն:

Երկրի ներսում ևս ենթակառուցվածքները խնդիր են, նշվում է, որ ավտոճանապարհային ցանցի առավելագույնը կեսն է գտնվում բարվոք կամ բավարար վիճակում: Դրան զուգահեռ, լավ առաջընթաց է գրանցվել օդային կապի, սահմանային կառավարման առումով:

Համաշխարհային բանկի մասնագետները մի շարք առաջարկություններ են ներկայացնում զեկույցում՝ օգտվել արտահանումը հնարավոր դարձնող գործիքներից՝ նոր շուկաներ բացելու համար, ծառայությունների առևտուրն օգտագործել որպես արտահանումը կատարելագործելու հարթակ, ավելի լավ օգտագործել սփյուռքի առևտրային, ներդրումային և գիտելիքի փոխանակման ցանցերը, օգտվել ԵՏՄ անդամությունից՝ դիրքավորելով երկիրը որպես տրամպլին՝ ԵԱՏՄ մեծ շուկա մուտք գործելու նպատակով շուկա փնտրող ներդրողների համար և այլն: