Որեւէ սադրանք չի կարող մեզ հետ պահել մեր նպատակներից. ՀՀ ԱԺ նախագահի արձագանքը երեկվա միջադեպին

  • Ներքին կյանք - 17 Հունիսի 2017, 09:48

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն, ով պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում է, արձագանքել է հունիսի 16-ին հակառակորդի կրակոցներից երեք հայ զինծառայողի զոհվելուն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բաբլոյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է.

«Արցախում եմ։ Ցավով տեղեկացա Արցախի սահմանին, ժամեր առաջ, ադրբեջանական զինված ուժերի կողմից հերթական լկտի սադրանքի հետեւանքով երեք երիտասարդների՝ Արայիկի, Վիգենի եւ Վարդանի զոհվելու մասին։ Բաքվի ռեժիմի իրականացրած այս գործողությունը որակում եմ որպես սպանություն։

Ցավակցում եմ զոհված տղաների հարազատներին, ընկերներին։ Վիշտը բոլորինս է… Տղաներն իրենց կյանքը տվեցին հայրենիքը պաշտպանելիս։ Հավերժ փառք մեր մարտիկներին…

Արցախյան հանդիպումների ընթացքում մշտապես խոսել ենք միասնականության մասին։ Որեւէ սադրանք չի կարող մեզ հետ պահել մեր նպատակներից։ Ադրբեջանի իշխանությունների կեցվածքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեծ գործ ունենք անելու՝ հետեւողականորեն համադրելով մեր ջանքերը։

Ադրբեջանական կողմն իմանալով, որ հերթական սադրանքն անպատիժ չի մնալու, պահի քաղաքական քմահաճույքը նորից ավելի բարձր դասեց մարդկային կյանքերից։

Հ.Գ. Անհասկանալի է, որ դեռեւս չկա որեւէ արձագանք միջազգային գործընկերներից»։

Ամենաընթերցվածը