Արցախի ՊԲ-ն ոչ հերքում է, ոչ հաստատում վիրավորների մասին տեղեկությունները. Armtimes.com

  • Ներքին կյանք - 17 Հունիսի 2017, 08:47
Արցախի Հանրապետության ՊԲ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հունիսի 16-ին հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ երեք ժամկետային զինծառայող:

Զոհվել են՝ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Այս հաղորդագրությանը զուգահեռ կայքերում հրապարակումներ եղան այն մասին, որ երեք զոհերից զատ, կան նաեւ երկու վիրավոր ժամկետային զինծառայող:

Armtimes.com-ը վիրավորների մասին տեղեկությունները փորձեց ճշտել ԱՀ ՊԲ մամուլի պատասխանատու Սենոր Հասրաթյանից: Վերջինս, սակայն, ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց վիրավորների մասին տեղեկությունները:

-Պարոն Հասրաթյան, մամուլում տեղեկություններ կան, որ երեք զոհից բացի կան նաեւ երկու վիրավոր: Ճի՞շտ է:

-Մտեք մեր պաշտոնական կայքը՝ այնտեղ տեղադրված է:

-Կայքում միայն զոհերի մասին տեղեկություններ կան, իսկ վիրավորներ կա՞ն:

-Մի անգամ տարածել ենք, բանավոր նորից ասե՞մ:

-Այսինքն, հերքու՞մ եք վիրավորների մասին տեղեկությունները:

-Մտեք մեր կայք:

- Պարոն Հասրաթյան, հարցնում եմ վիրավորներ կա՞ն:

-….

Հասրաթյանն այնդպես էլ հիմնավոր պատասխան չտվեց: Armtimes.com-ի հարցը մի քանի անգամ լսելուց հետո  ընդհատեց հեռախոսազանգը: Վերջինիցս հնարավոր չեղավ ճշտել այն տեղեկությունը, որ զինծառայողները զոհվել են դիպուկահարի կրակոցից:

Կայքերում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել են Մյասնիկ Մարտինի Հովհաննիսյանը և Վարդան Արմենի Հարությունյանը:

Ամենաընթերցվածը