2009-ից ի վեր իրավիճակն արմատապես տարբեր եւ բարդ է. ՀԲ զեկույցը Հայաստանի վերաբերյալ

  • Ներքին կյանք - 16 Հունիսի 2017, 17:51
Հայաստանում աղքատության կրճատման արդյունքում չի ձևավորվել ավելի մեծ միջին խավ, փոխարենը աճել է չափավոր աղքատ և խոցելի խավը: Այս արձանագրումն արվել է Համաշխարհային բանկի «Հայաստան. երկրի համակարգված գնահատում» խորագրով զեկույցում: Այս զեկույցի նպատակն է նախանշել ներառական աճի խթանման հեռանկարային տարբերակներ՝ աղքատության կրճատմանն ու համընդհանուր բարեկեցությանը նպաստելու նպատակով:

Նշվում է, որ մինչև 2008 թվականը Հայաստանը նախկին Խորհրդային հանրապետությունների շարքում ներկայանում էր բարեփոխումների իրականացման առաջատարներից մեկը: 2009 թվականից ի վեր իրավիճակն արմատապես տարբեր և բարդ է՝ զուգակցված մի միջավայրով, որին բնորոշ է աճի ցածր մակարդակը և ներդրումների փոքր ծավալներն ու աղքատության կրճատման կանգը:

ՀԲ մասնագետները Հայաստանի կառավարությանը խորհուրդ են տալիս էական բարեփոխումներ անել:

Ըստ զեկույցի՝ «սովորական դարձած եղանակով» աշխատելու պարագայում Հայաստանի չափավոր աճը՝ մեկ շնչի հաշվով, բավարար չի լինի մինչև 2050 թվականը աղքատությունն էականորեն կրճատելու համար: Աղքատության կրճատման կայուն միտումն ապահովելու համար անհրաժեշտ է աշխատանքից ստացվող եկամուտների, նպաստների, զբաղվածության, դրամական փոխանցումների և գյուղատնտեսությունից ստացվող եկամուտների աճ:

Մյուս կողմից էլ մարտահրավեր են դիտարկվում երկրի ժողովրդագրական խնդիրները:

Զկույցում նշվում է, որ բնակչության թվի նվազմամբ և ծերացմամբ պայմանավորված՝ կանոնավոր ժողովրդագրական փոփոխությունը ևս, չհասցեագրվելու դեպքում, իր գործը կանի:

«Աշխատուժի առաջարկի վրա բացասական է ազդում բնակչության ծերացումը և թվի նվազումը: Երկրում միջին աշխատողը (15-75) 43 տարեկան է: Զբաղվածության ծավալները կրճատվում են, գործազրկությունն աճում է, իսկ աշխատանքի արտադրողականության աճը՝ դանդաղում: Սա պայմանավորված է մի շարք գործոնների համադրությամբ. դրանք են՝ ժողովրդագրական վիճակ, աշխատատեղերի ստեղծման եղանակներ և հմտությունների փոփոխվող պահանջարկ», նշվում է զեկույցում:

Նշվում է նաև, որ գյուղական վայրերի աշխատողները, հատկապես աղքատ գյուղացիները, զբաղվում են գերազանցապես գյուղատնտեսական գործունեությամբ՝ փոքր մեծության գյուղացիական տնտեսություններում՝ մասամբ ինքնապահովման նպատակով: Գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության ծավալները նվազում են՝ պայմանավորված կարճաժամկետ միգրացիայով:

Զեկույցի ղեկավարների կողմից առաջարկվում է նոր տնտեսական մոդելի որդեգրում: Մոդել, որը հասցեագրված կլինի ինչպես աճ-աղքատություն հարաբերությունների հիմնարար սկզբունքներին, այնպես էլ լուծում կտա ծերացող և կրճատվող աշխատուժով և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված համակարգային խնդիրներին: Այն է՝ վերաբալանսավորել աճը՝ ոչ արտահանելի ապրանքներից անցում կատարելով արտահանելի ապրանքների և ծառայությունների:

Առաջարկվում է նաև ձևավորել կայացած բիզնես հատված, որը դինամիկ է, ունի արտադրողականություն և մրցունակ է, ստեղծում է աշխատատեղեր:

Մյուս կողմից, մարդկանց արտադրողականության բարձրացումը և աշխատելուն խոչընդոտող գործոնների վերացումը կմեղմի աշխատուժի ծերացմամբ պայմանավորված արտադրողականության անկումը:

Նաև տնտեսական մոդելում պետք է ներկառուցել դիմադրողականության բաղադրիչը՝ ինչպես միկրոտնտեսական խնդիրներին լուծում տալու, այնպես էլ ապագային նայելու և սպասվող կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի վիճակի վատթարացման և հնարավոր բնական աղետների ազդեցություններին պատրաստված լինելու համար:

Ամենաընթերցվածը