Վարդան Արամյանը տարեկան 5 տոկոս տնտեսական աճի ապահովումը հավակնոտ, բայց իրագործելի ծրագիր է համարում

  • Ներքին կյանք - 16 Հունիսի 2017, 16:53
Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հայաստանի կառավարության կողմից տարեկան 5 տոկոս տնտեսական աճը որպես թիրախ սահմանելը համարում է հավակնոտ, բայց իրագործելի ծրագիր: Հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ կառավարությունը նոր ծրագրով առաջարկելու է տնտեսական աճի համար տարեկան թիրախ սահմանել 5 տոկոսը, նշեց, որ իրենք չեն վախենում իրենց առջև բարձր ցուցանիշներ դնելուց:

«Գիտեք, որ մենք այս տարվա համար տնտեսական աճի նվազագույն շեմ ենք սահմանել 3.2 տոկոսը, որը պետք է իրագործենք: Սակայն մի քանի անգամ ասել ենք, որ դա բավարար չէ, որպեսզի կարողանանք մեր երկրում առկա սոցիալական խնդիրները լուծել: Որպեսզի կարողանանք լուծել այդ խնդիրները, պետք է հավակնենք ավելի մեծ տնտեսական աճի, ինչը մենք անում ենք: Կհաջողվի՞ դա մեզ, ցույց կտա ժամանակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նախարարը:

Վարդան Արամյանն ընդգծեց, որ տնտեսական աճի բարձր ցուցանիշներ ապահովելու համար հարկավոր է լուրջ ջանքեր գործադրել: Անդրադառնալով ՀՀԿ խոսնակի հայտարարությանը, որ կառավարությունը նաև առաջարկելու է 5 տարվա կտրվածքով 25 տոկոսով բարձրացնել նվազագույն աշխատավարձը, նախարարը նշեց, որ դա վերցված է մայիսի 18-ին Ազգային ժողովի առաջին նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից, որում նա կառավարության առաջ նման հանձնարարական է դրել:

«Ես կարծում եմ, որ հարկավոր է ուշադրություն դարձնել հանրապետության ղեկավարի ելույթի այն հատվածին, որում ներկայացվում է, թե ինչպիսին պետք է լինի մեր տնտեսությունը: Նախագահը խոսում է մեր տնտեսության մրցունակության մասին: Իսկ եթե մենք կարողանում ենք կառուցել մրցունակ տնտեսություն, դա իր հերթին հանգեցնելու է տնտեսական աճի: Իսկ եթե արձանագրում ենք տնտեսական աճ, չենք կարող մոռանալ սոցիալական խնդիրների մասին»,- եզրափակեց Վարդան Արամյանը:

Ամենաընթերցվածը