Գյուղացին հիասթափված է ու չի ցանկանում հող մշակել

    • Ներքին կյանք - 16 Հունիսի 2017, 13:46
Հայաստանում այս տարի կտրուկ նվազել է մշակվող ցանքատարածությունների ծավալը: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ահազանգեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Մինչ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գյուղացիներին խորհուրդ է տալիս բնական աղետի ռիսկերից խուսափելու համար չզբաղվել գյուղատնտեսությամբ, մասնագետն ահազանգում է, որ առանց այն էլ գյուղացին հիասթափված է ու չի ցանկանում հող մշակել: Հիշեցնենք, որ Lragir.am-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչ պետք է անի կարկուտից ու բնական աղետներից տուժած գյուղացին, երբ ամեն տարի հայտնվում է այս իրավիճակում, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատասխանել էր. «Գյուղացին, ցավոք սրտի, էսօր չունի էդ հնարավորությունը, որ անի էն, ինչ որ պետք է՝ հակակարկտային ցանցի համար ֆինանսական ռեսուրս չունի, ապահովագրության համակարգը չկա: Ուրիշ բան չի կարա անի: Մյուս տարբերակը՝ չզբաղվել գյուղատնտեսությամբ»:

Հրաչ Բերբերյանի խոսքով՝ գյուղնախարարի նմանօրինակ հայտարարությամբ պետք է զբաղվի վարչապետը՝ պարզելու, թե ինչո՞ւ է գյուղատնտեսությունը գերակա ոլորտ հռչակած երկրի նախարարը նման հայտարարություն անում:

«Մենք ունենք ազգային անվտանգության, պարենի անվտանգության հարց: Հակառակ քաղաքականությունը պետք է տարվի, մեր գյուղերը չպետք է դատարկվեն, մենք պետք է անցում կատարենք ագրեսիվ ու ինտենսիվ գյուղատնտեսության և մշակենք թանկարժեք կուլտուրաներ, որոնք միջազգային շուկայում մրցունակ են: Իսկ գյուղը դատարկելը ելք չէ, միայն ադրբեջանցիները կարող են մտածել, թե ոնց անեն, որ մեր գյուղը դատարկեն»,- ասաց նա:

Ըստ մասնագետի՝ մինչև նախորդ տարի մշակվող հողատարածքների ծավալների շեշտակի անկում չկար: Այս տարի, սակայն, իրավիճակը մտահոգիչ է: Հատկապես բանջարեղենի և կարտոֆիլի ցանքատարածություններն այս տարի շեշտակի նվազել են: Որոշ բնակավայրերում մինչև 40 տոկոսով նվազել են կարտոֆիլի ցանքատարածությունները:

«Էդ էն երկիրն էր, որ ընդամենը 2014 թվականին 46 հազար տոննա կարտոֆիլ արտահանեց: Նույնը վերաբերում է տոմատի մածուկին, ամեն ինչ արվում է, որ Հայաստանում տոմատի մածուկ չարտադրվի: Այսօր իրենք նպատակահարմար են գտնում, որ Հայաստանում զարկ տան գարու արտադրությանը: Բյուջեի գումարներով 850 տոննա գարի է ձեռք բերվել դրսից, թե ինչ նպատակի համար, այդպես էլ հասկանալի չէ»,- ասաց Բերբերյանը: Նրա խոսքով՝ չմշակվող հողատարածքների թվի ավելացումը միանշանակ ոլորտում սխալ կառավարման հետևանք է: Այս իրավիճակում, մասնագետի խոսքով, կառավարությունը պետք է հրատապ քայլեր իրականացնի:

Կառավարությունը հայտարարում է, որ հաջորդ տարվանից փորձնական ներդնելու են գյուղատնտեսության ապահովագրության ու ցանցային պաշտպանության համակարգերը: Հրաչ Բերբերյանի խոսքով՝ տարիներ շարունակ այս խոստումները տրվել են, բայց արդյունք չկա:

«Տարիներն անցնում են, նախարարները գնում-գալիս են, արդյունք չունենք: Այդ խոստումներից պետք է գործի անցնել: Գյուղացին էլ այլևս չի հավատում այդ խոստումներին: Իսկ ապացույցն այն է, որ ամեն խնդրի դեպքում մարդիկ փակում են ճանապարհները: Գյուղացին չի ուզում ցնցումներ ունենալ երկրում, ուզում է մեր բանակն ապահովել մեր արտադրանքով, չդատարկել գյուղերը, աշխատել ու արարել: Բայց մարդկանց համբերության բաժակը լզվում է»,- ասաց մասնագետը:

Ինչ վերաբերում է կառավարության անդամների հայտարարությանը, թե կարկուտից տուժած գյուղացիները վարկերի սառեցման ու հողի հարկի զիջման մասով աջակցություն կստանան, Բերբերյանը դա լուրջ չի համարում: Նրա խոսքով՝ գյուղացին այսօր ունի նյութական աջակցության կարիք, կարկուտից տուժած յուրաքանչյուր ընտանիքի կառավարությունը պետք է գումար հատկացնի, որ մարդիկ մարեն գյուղատնտեսական վարկերը, կարողանան ոտքի կանգնել:

Ամենաընթերցվածը