Սերժ Սարգսյանը խնդրանք է ուղարկել`այլեւս չփակել իր տան ճանապարհը. armtimes.com

  • Ներքին կյանք - 16 Հունիսի 2017, 13:01
Նախագահականի աշխատակազմից Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի(նախկին Ֆիրդուս թաղամաս) բնակիչներին ասել են, որ զբաղվում են իրենց բնակարանների խնդիրներով, միայն թե Սերժ Սարգսյանի ամառանոցի ճանապարհը չփակեն: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուս թաղամասի նախկին բնակիչ Անուշ Զաքարյանը՝ նշելով, որ արդեն երկու շաբաթ է որեւէ էական տեղեկություն չունեն իրենց խնդրից:

Հունիսի 6-ին ֆիրդուս թաղամասի նախկին բնակիչները փակել էին Սերժ Սարգսյանի տան ճանապարհը եւ հանդիպել նրան: Բնակիչներին վերջինս ասել էր, որ կհանձնարարի խնդրին մի քանի օրից լուծում տալ: 

«Նախագահը, որ մեզ ասեց մի քանի օրվա ընթացքում հանձնարարական կտա, հանձնարարականն այն եղավ, որ տիկին Աիդան զանգահարեց եւ ասեց, որ մի եկեք, մեկ ամսվա ընթացքում ձեր հարցին ինչ-որ լուծում կտրվի, բայց երկու շաբաթ անցել է, հարցի լուծում չկա: Մենք խոստացել ենք մի ամիս, չեն գնալու, բայց նորից ամսի հինգին գնալու ենք, նախագահի ամառանոցի մուտքը փակելու ենք»,- ասաց Անուշ Զաքարյանը՝ նշելով, որ իրենց զանգահարողը եղել է նախագահի վերահսկողության ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը:

Ֆիրդուսի նախկին բնակչի խոսքով՝ Սերժ Սարգսյանի ճանապարհը փակելու օրը նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը ցանկացել է հանիպել բնակիչների հետ, սակայն բնակիչները մերժել են հանդիպման հրավերը: «Անվտանգությունից մարդիկ կային, որ այդ օրն էին ուզում համեզել մեզ՝ գնայինք այդ Հովսեփյանին հանդիպեինք, մենք հրաժարվեցինք, ասեցինք, որ իր հետ գործ չունենք, եթե ինքը մեզ հետ գործ ունի, ուրեմն բարի թող լինի գա այստեղ, լսի մեզ եւ հասկանա»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից մեկ օր անց նախագահականի լրատվականը հաղորդագրություն տարածեց, որ Հովհաննես Հովսեփյանը հանդիպում է ունեցել Ֆիրդուսի եւ Գլխավոր պողոտայի իրացման գործընթացում դեռեւս դժգոհ մնացած քաղաքացիների հետ։ «Նախագահի վերահսկողության ծառայությունից հայտնել են, որ Հովհաննես Հովսեփյանը շահառուներին մանրամասն իրազեկել է իրացման գործընթացի մանրամասները»,- ասված էր հաղորդագրության մեջ: Անուշ Զաքարյանը պնդում է, որ Հովհաննես Հովսեփյանի հետ հանդիպում չի եղել: «Հովսեփյանի հետ չենք հանդիպել, Աիդայի հետ են բնակիչները հանդիպել եւ համարել են, որ հանդիպումը Հովսեփյանի հետ կայացել է: Մեզ հետ նա հաստատ չի հանդիպել, որովհետեւ այդ հանդիպողների ցանկի մեջ ես ինքս էլ եմ ընդգրկված եղել: Ինձ  զանգեցին եւ ասեցին, որ հետաձգվել է, իսկ երբ կհանդիպեն՝ դա դեռ հայտնի չի »,- ասաց նա:

Ամենաընթերցվածը