Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում

  • Ներքին կյանք - 15 Հունիսի 2017, 18:10
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ եղել է ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում:

Այցելության սկզբում նախարարը շրջել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագրի շրջանակներում 2013 թվականին հիմնված ծիրանենու կոլեկցիոն այգում, որտեղ  պահպանվում են ծիրանենու 87 գենետիկ սորտ, որոնցից 82-ը հայկական ծիրանենու սորտեր են: Կենտրոնի մասնագետները նշել են, որ այս տարի մեծ է եղել  ծիրանի իտալական սորտերի բերքատվությունը:

Իգնատի Առաքելյանը եղել է նաև անցյալ տարի կենտրոնում հիմնված խաղողի կոլեկցիոն այգում, որտեղ մշակվում են տեղական սեղանի և տեխնիկական սորտեր: Նախարարին տեղեկացվել է, որ այգում նախատեսվում է հավաքագրել հայկական խաղողի մոտ 360 սորտ, և հավաքագրելու գործընթացը շարունակվում է: Նշվել է, որ այգում նախատեսվում է հիմնել ֆիլոքսերադիմացկուն սորտերի տնկարանային տնտեսություն:

Կենտրոնը նաև 23 հա-ի վրա իրականացնում է ցորենի էլիտայի արտադրություն, իսկ 5.5 հա-ի վրա՝ գարու սուպեր էլիտայի:

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է Մերձավան համայնք, որտեղ  մասնակցել է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ագրոինտեքս» ընկերության հետ համատեղ հիմնվող   տնկարանի բացման արարողությանը: Նախարարին զեկուցվել է, որ նորաբաց տնկարանում աճեցվելու են ծիրանենու, տանձենու, խնձորենու, կեռասենու, ընկուզենու տնկիներ: Նախատեսվում է հիմնել նաև  ցուցադրական այգիներ:

«Մենք նախատեսում ենք հաջորդ   տարի  տնկարանային  տնտեսություն  ունենալ: Տնկարանային տնտեսության  հիմնումը նաև թույլ կտա նվազեցնել տնկիների արժեքը, ինչը ինտենսիվ այգիների հիմնման ինքնարժեքի մեջ ամենամեծ մասնաբաժինն է կազմում: Ինտենսիվ այգիների ստեղծումը  ենթադրում է նաև նոր կաթիլային համակարգի և հակակարկտային ցանցերի ներդրում, որն աստիճանաբար կխթանի արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը  մեր երկրում»,- նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ նախարարությունը մշակել է  հակակարկտային ցանցերի երկարաժամկետ վարկերի սուբսիդավորման ծրագիր, որին կարող են մասնակցել բոլոր գյուղացիական տնտեսությունները: Նախարարը հույս է հայտնել, որ կգտնվեն ներդրողներ, ովքեր  կկառուցեն գործարաններ և տեղում կարտադրեն հակակարկտային  ցանցեր, ինչն ավելի մատչելի կդարձնի ցանցերի ձեռքբերումը:

«Ագրոինտեքս» ընկերության սեփականատեր Դավիթ Չիտչյանն իր հերթին նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ նախատեսվում է իրականացնել  ինտենսիվ այգիների կառուցման համար տնկիների աճեցման ծրագիր: Ծրագրով նախատեսվում է թզուկային և կիսաթզուկային տնկիների աճեցում, ինչը հնարավորություն կտա նվազեցնել տնկիների արժեքները և դրանք մատչելի դարձնել գյուղացիների համար:

Ընկերությունը նախատեսվում է իրականացնել նաև  «Կառուցիր ինքդ քո այգին» նախագիծը. այնտեղ  լինելու են  տիպային նախագծերով ցուցադրական այգիներ, որտեղ ցանկացողները կարող են այցելել և  տեղում ծանոթանալ պայմաններին, ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն և ընկերության մասնագետների օգնությամբ  ինքնուրույն կառուցել իրենց այգիները:

Աշխատանքային այցի ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը եղել է «ԱՐՄ ՊԼԱՍՏ» ՓԲԸ-ում, շրջել ընկերությունում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ամենաընթերցվածը