Խորհրդարանը մերժեց Սերժ Սարգսյանին

    • Ներքին կյանք - 19 Մայիսի 2017, 18:23
Հայաստանի նոր խորհրդարանը մայիսի 19-ին շարունակել է այսպես ասած ղեկավար կազմի ձեւավորման գործընթացը, սահմանել խորհրդարանական հանձնաժողովների նոր թիվը, սկսել հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը:

Նախօրեին, խորհրդարանի առաջին նիստում, ելույթ էր ունենում Սերժ Սարգսյանն ու խորհրդարանականներին բացատրում, թե որքան կարեւոր է նոր խորհրդարանի դերը Սահմանադրության փոփոխությունից հետո, որքան է այն բարձրանում: Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ մեծանում է խորհրդարանի դերն արտաքին քաղաքականության առումով:

Նոր խորհրդարանի աշխատանքային երկրորդ օրը սկսվեց ուշագրավ տեղեկատվութամբ, իհարկե ոչ խորհրդարանից, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբից: Մինսկի խումբը հանդես էր եկել սահմանային միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ եւ փաստացի առաջին անգամ մատնանշել, որ առաջինը կրակել է Ադրբեջանը, կիրառել է հրթիռ, որին հետեւել է հայկական կողմի պատասխանը:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի պատասխանատվությունը մատնանշել է նաեւ ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Իրավիճակը ոչ սովորական է, արձագանքները վկայում են դրա մասին: Միեւնույն ժամանակ, տեղի է ունեցել մի երեւույթ, ինչի անհրաժեշտությունը հայկական կողմը բարձրաձայնել է պարբերաբար: Այժմ դա տեղի է ունեցել, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն ու Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի առանձին շեշտադրումը վկայում են իսկապես նոր միտումների մասին:

Կարո՞ղ էր արդյոք Հայաստանի նոր խորհրդարանն արձագանքել այդ իրավիճակին, կարո՞ղ էր բաց չթողնել առիթը, բավական նշանակալի առիթը, սեփական դերը մատնանշելու համար, առավել եւս արտաքին քաղաքականության մեջ աճող դերի վերաբերյալ Սերժ Սարգսյանի «լիկբեզից» հետո:

Խորհրդարանում մայիսի 19-ին բավականին ծավալուն քննարկվել է խորհրդարանական հանձնաժողովների քանակի խնդիրը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աննախադեպ հայտարարությանը չի եղել որեւէ արձագանք, նաեւ կարծես թե փորձ: Խորհրդարանը փաստորեն մերժել է Սերժ Սարգսյանին՝ արտաքին քաղաքականության մեջ մեծ դեր ունենալու մասին նրա ելույթը: Մեծ դերը նաեւ մեծ պատասխանատվություն է, իսկ խորհրդարանում չկա մեծ պատասխանատվության հարցերի վերաբերյալ հանձնաժողով:

Ամենաընթերցվածը