Վարչապետն ու ԱՄՆ դեսպանն ափսոսում են միասին

    • Ներքին կյանք - 19 Մայիսի 2017, 17:50
Վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 19-ին հյուրընակել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին եւ նրա հետ քննարկել հայ-ամերիկյան տնտեսական գործակցության հեռանկարը: Քննարկվել են ներդրումային հեռանկարներն ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցեր, տարբեր ոլորտներում գործակցության խորացման թեմաներ:

Կարեն Կարապետյան-Ռիչարդ Միլզ հանդիպումը հատկապես հետաքրքիր է էներգետիկ հարցերով համաժողովի եւ դրանում ԱՄՆ դեսպանի արած գրեթե սենսացիոն հայտարարության ֆոնին:

Ռիչարդ Միլզը հայտարարեց, որ կա 8 միլիարդ դոլարի գործընկերային ներուժ: Միլզը հայտարարեց, որ ամերիկյան ներդրողները հետաքրքրված են եւ ակնկալեց, որ իշխանությունը կապահովի տնտեսական հավասար պայմաններ, երաշխիքներ կտա:

Միլզի հայտարարությունն ունի թե տնտեսական, թե քաղաքական ահռելի նշանակություն: Խոսքը ռազմավարական նշանակության ոլորտի այլընտրանքային զարգացման մասին է, ընդ որում ներդրումային այնպիսի ծավալների մատնանշումով, որոնք Հայաստանում կարող են ունենալ բեկումնային նշանակություն բոլոր առումներով՝ տնտեսությունից մինչեւ անվտանգություն:

Միեւնույն ժամանակ, խոսքը մի ոլորտի մասին է, որտեղ «ավանդական» ստատուս-քվոյի հարցում էական շահագրգռություն ունի Ռուսաստանը:

Կկարողանա՞ Հայաստանն ինքնիշխանություն ցուցաբերել ոլորտի զարգացման հեռանկարի, դինամիկայի առումով, հատկապես նկատի ունենալով այն, որ կանաչ տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի զարգացումն ու էներգետիկ շուկաներում պահանջարկի կառուցվածքի փոփոխությունը Ռուսաստանն իբրեւ սպառնալիք մատնանշել է տնտեսական անվտանգության 2030 ռազմավարության մեջ:

Բոլոր դեպքերում, դեսպանի հայտարարությունից երկու օր անց կառավարությունում նրան ընդունելու հանգամանքը վկայում է Կարեն Կարապետյանի արձագանքի մասին: Ո՞րն է վարչապետի մոտիվացիան: Դեսպանի հայտարարությունը գուցե ոչ անմիջական, սակայն որոշակի աջակցություն է Կարեն Կարապետյանին, հատկապես նկատի առնելով նաեւ նրա գործունեության վերաբերյալ դեսպան Միլզի նախորդ գնահատականները եւ ակնկալիքները:

Մյուս կողմից, Կարեն Կարապետյանի համար գուցե անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպիսին էր դեսպանի հայտարարության «բուն կառուցվածքը», որքան էր մաքուր տնտեսագիտական, տնտեսական հաշվարկը, որքան էր քաղաքականությունը, ինչպիսին են «ռիսկերը»:

Թեեւ, Կարեն Կարապետյանի համար ներկայում գուցե չկա կամ չի կարող լինել ավելի մեծ ռիսկ, քան Սերժ Սարգսյանի «ծրագրային» կամ «հնագմայակային» ելույթը մայիսի 18-ի ԱԺ նիստում:

Սարգսյանը գործնականում սկսում է Կարապետյանին հենարանից զրկելու գործընթաց: ԱՄՆ դեսպանն առաջարկում է հենակ, առնվազն մրցունակությունը պահելու համար:

Ընդ որում, ուշագրավ է, որ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը զուգահեռ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլզը մայիսի 19-ին նամակ է հղել ԱԺ նորընտիր փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին: Միլզը հայտարարում է, թե բարձր է գնահատում ԱՄՆ գործակցությունը արդարադատության նախարարության հետ, երբ նախարար էր Արփինե Հովհաննիսյանը: ԱՄՆ դեսպանը մասնավորապես ընդգծում է կոռուպցիայի դեմ պայքարի գործում Հովհաննիսյանի ղեկավարությամբ նախարարության հետ արդյունավետ գործընկերությունը եւ հույս հայտնում, որ հետագայում էլ կշարունակեն գործակցել Հովհաննիսյանի հետ: Նա հաջողություն է մաղթում նրան կյանքի նոր փուլում:

Պերճախոս անդրադարձ է, որի տողատակում կարծես թե կա նաեւ ափսոսանք՝ արդարադատության նախարարությունից ԱԺ տեղափոխության առումով:

Հետաքրքրական է, որ Հովհաննիսյանի տեղափոխությունը ափսոսանքով էր ընդունել նաեւ Կարեն Կարապետյանը, որը քարոզարշավի ընթացքում կարծես թե վստահ էր, որ Արփինե Հովհաննիսյանը մնալու է: Համենայն դեպս այդ մասին հարցին ալավերդցիներին ասել էր՝ հանգիստ եղեք:

Փաստորեն, Հովհաննիսյանի տեղափոխությունն անգամ ԱՄՆ դեսպանն է ընդունել դիվանագիտորեն քողարկված անհանգստությամբ, դիվանագիտական էթիկայի եւ նրբանկատության սահմանում Սերժ Սարգսյանի որոշման հանդեպ անուղղակի դժգոհություն դնելով Արփինե Հովհաննիսյանին ուղղված նամակի տողատակում:

Ամենաընթերցվածը