«Հիմա էլ կասեք, թե ժողովուրդը որոշել է Մարդու իրավունքների հանձնաժողովը փակել»

  • Ներքին կյանք - 19 Մայիսի 2017, 17:30
Կա քաղաքական որոշում՝ այնպես անել, որ ԱԺ Ելք խմբակցությունը չունենա հանձնաժողով, և այս իրավիճակը հակասության մեջ է մտնում Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի հետ: Այս մասին խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովների թվի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ասում եք՝ պաշտոն եք խնդրում: Մենք որևէ մեկից որևէ բան չենք խնդրում, մենք Դոնթի բանաձևով մեզ հասանելիքն ենք պաշտպանում: Դոնթի բանաձևով, եթե 10 հանձնաժողով լինի, մեկը պիտի տաք Ելքին, եթե 9 լինի՝ չի հասնում»,- ասաց նա: Իսկ ինչու ՀՀԿ-ն չի ուզում, որ հանձնաժողովների թիվը լինի 8, որովհետև, ըստ Մարուքյանի, դրանով ՀՀԿ-ի մեկ հանձնաժողովը նվազում է, դառնում է 5: Նա հարցադրում արեց՝ հիմա ո՞վ է պաշտոնից խոսում:

Նա նաև պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանին. «ՀՀԿ սիրելի բժիշկները, որոնք նախկինում կրթության և գիտության նախարար են աշխատել, թող չմտահոգվեն: Անուն չեմ տալիս, ՀՀԿ ներկայացուցիչների անուններով չեմ համեմի իմ խոսքը»:

Նա հեգնեց ՀՀԿ-ականներին, հիշեցրեց, որ երեկ նրանք ասում էին, թե՝ ժողովուրդը որոշել է ով պետք է լինի ԱԺ նախագահը: «Ինչ վատ որոշում ունեք, ժողովրդի վրա եք գցում: Հիմա էլ կասեք, թե ժողովուրդը որոշել է Մարդու իրավունքների հանձնաժողովը փակել»,- հավելեց Մարուքյանը:

Ամենաընթերցվածը