Միքայել Մելքումյանի ակնարկը Իշխան Զաքարյանին ու Հովիկ Աբրահամյանին

  • Ներքին կյանք - 19 Մայիսի 2017, 14:22
ԱԺ փոխնախագահ, Ծառուկյան դաշինքի անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորների հրաժարականի դիմումներին:

Հիշեցնենք, որ այսօր հրաժարականի դիմում են ներկայացրել խմբակցության պատգամավորներից երեքը՝ Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը և Խաչիկ Մանուկյանը: Նրանք այն պատգամավորներից են, որոնց անունից ԿԸՀ ինքնաբացարկի դիմում էր ներկայացվել, սակայն նրանք գնացել ու մանդատ էին ստացել:

Միքայել Մելքումյանն ասաց, որ այդ պատգամավորները կամավոր են դիմում գրել և երեկ ու այսօր են այդ դիմումները գրել:

«Երեկ պարոն Ծառուկյանը շատ հստակ ներկայացրեց, թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել, ԿԸՀ գնացած մեր գործընկերների որ մասը որ շարժառիթով է գնացել, տարբեր են դրանք: Այն, որ այդ դիմումները գրվել են երեկ և այսօր, դա փաստ է: Մարդիկ կամավոր եկել են այն համոզման, որ իրենք պետք է ինքնաբացարկի դիմումներ գրեն: Այդտեղ որևէ արտառոց բան, որևէ խորամանկություն, դետեկտիվ ժանրից որևէ բան չկա», ասաց Մելքումյանը:

Հարցին, թե խմբակցության այլ պատգամավորնե՞ր էլ ինքնաբացարկի դիմում կգրեն, նա պատասխանեց, որ չի կարող ասել: «Դա գործընթաց է, որը պետք է գնա, կլինի, նոր կիմանաք», հավելեց նա:

Ըստ Միքայել Մելքումյանի՝ ինքնաբացարկ հայտնած պատգամավորների վրա որևէ ճնշում չի գործադրվել: «Ընդհանրապես էդ ճնշում հասկացությունը էս նոր իրավիճակում… Գիտեք ինչ, թիմ է, մարդիկ աշխատում են, տասնյակ հազարավոր մարդիկ են, ովքեր մեծ աշխատանք են կատարել դրան նախորդող տարիների ընթացքում: Նրանք մեր գործընկերներն են, և պարտադիր չէ, որ մարդն իր գործունեությունն իրականացնի միայն պառլամենտում: Որևէ մեկի ճակատին գրված չէ, որ ինքն անպայման պետք է մշտական ներկայացված լինի այստեղ»,- ասաց նա:

Երեկվանից ԱԺ նիստերին չի մասնակցում Ծառուկյան դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը: Տեղեկություն կար, որ դաշինքի կողմից հենց  նա է առաջադրվելու ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար, սակայն առաջադրվեց Միքայել Մելքումյանի թեկնածությունը: Այս հարցին ի պատասխան Մելքումյանն ասաց. «Շատ ներողություն, իսկ ԱԺ նախագահն ով որ եղել ա, իրա անունը շրջանառվո՞ւմ էր: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և պետք է թողնել, որ հասունանան գործընթացները և գան հանգուցալուծվեն»:

Հարցին, թե Իշխան Զաքարյանը նեղացա՞ծ է, նա պատասխանեց՝ ոչ: «Ընդհանրապես քաղաքականության մեջ խնամիություն, բարեկամություն, նեղացվածություն և այլ վառվռուն գույները կատեգորիա չեն: Ձեր ասած դեպքը նեղացվածության որևէ հիմք չունի»,-  ասաց նա:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Իշխան Զաքարյանն առաջիկայում վայր կդնի մանդատը, Մելքումյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Ծառուկյան դաշինքում «ապստամբության» հետեւում կարող են կանգնած լինել Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանն ու Իշխան Զաքարյանը:

Ամենաընթերցվածը